Ղարաբաղի երիտասարդությունը քննարկում է համաշխարհային կարևոր խնդիրները

Արդեն բարի ավանդույթ է դարձել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում “Արցախի երիտասարդության ձայնը երիտասարդ առաջնորդների դպրոցի մասնակիցների համար” /”ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ-2013″/ ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, արտաքին քաղաքականության կարևոր մարտահրավերների և խնդիրների քննարկումը: Ղարաբաղից երիտասարդ ակտիվիստները և ուսանողները հրավիրված զեկուցողների հետ երկու օրվա ընթացքում քննարկում են աշխարհին հուզող առավել ակտուալ խնդիրները և ղարաբաղյան հակամարտության վերջին զարգացումները:

Առաջին օրվա թեման, անկասկած, Ուկրաինան է դարձել: Այն ամենը, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, հնարավոր պատճառներ և գործոններ, որոնք ազդում են և կարող են ազդել իրավիճակի զարգացման վրա՝ Ղրիմի հարց, երրորդ երկրների շահեր, նավթի և գազի գին և այլն. վերլուծաբան Կարեն Բեքարյանի հետ քննարկման ընթացքում մասնակիցները փորձել են վերլուծել տեղի ունեցողը և դիտարկել իրավիճակի զարգացման հնարավոր տարբերակները:

Ո՞րն է Եվրոպայի դերը, ի՞նչ շահեր ունեն Գերմանիան և Լեհաստանը, ի՞նչ կձեռնարկի Ռուսաստանը, ինչո՞ւ Արևմուտքն սկսեց վարվել այնպես, ինչպես Ռուսաստանը և ինչպե՞ս այս բոլոր իրադարձությունները կարող են ազդել Հայաստանի վրա. բավական թեժ քննարկման ընթացքում շոշափվել են ամենաանհավանական հնարավորություններն ու տարբերակները, այդ թվում, օրինակ, այն, որ Յանուկովիչը և ընդդիմությունը նախապես պայմանավորվել են կիսել երկիրը…

Քննարկումների ընթացքում “Տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը Սիրիայի և Ուկրաինայի օրինակով” թեմայի շուրջ թրեյնինգի մասնակիցները Հարություն Մնացականյանի հետ վերլուծեցին համաշխարհային գերտերությունների շահերը, որոնք հատվում են Երկիր մոլորակի որոշակի կետերում:

Թրեյնինգի մասնակիցների մեծ մասն արդեն առաջին անգամ չեն մասնակցում նման միջոցառումների, այդ իսկ պատճառով, բացի բովանդակային հատվածից, հետաքրքիր էր հետևել նաև քննարկում վարելու հմտություններին, նրան, թե ինչպես երիտասարդներն արդեն կարողանում են արտահայտել սեփական մտքերը, պնդել դրանք, նայել իրադարձությունների խորքը և տեսնել այն, ինչ անտեսանելի է առաջին հայացքից: Ի դեպ, հենց դա էլ հանդիսանում է այս ծրագրի նպատակներից մեկը. անել այնպես, որ Ղարաբաղից երիտասարդների ձայնը հնչի ավելի բարձր, հիմնված լինի պրոֆեսիոնալ վերլուծության վրա և հիմնավորված փաստերով:

Ծրագրի կազմակերպիչների կարծիքով, հենց համաշխարհային կարևոր իրադարձությունների վրա լայն հայացքը, դրանց զարկերակն զգալու կարողությունը թույլ կտա թրեյնինգի երիտասարդ մասնակիցներին պատրաստ լինել ցանկացած, նույնիսկ ամենաբարդ քննարկմանը Ղարաբաղի վերաբերյալ: Իսկ նման քննարկում անցկացվել է թրեյնինգի երկրորդ օրը:

Աղբյուրը` “Արմեդիա” ՏՎԳ