Շնորհավոր մարտի 8

Գարունն իր հետ բերում է տարվա թերևս ամենագեղեցիկ տոներից մեկը: Չէ որ հենց գարնան սկզբին՝ մարտի 8-ին, աշխարհի մի շարք երկրներում նշվում է կանանց միջազգային օրը: ՄԱԿ-ում այն տոնում են որպես Կանանց իրավունքների համար պայքարի և միջազգային խաղաղության միջազգային օր:

Իսկ ինչու կանանց միջազգային օրը սկսեցին նշել հենց մարտի 8-ին: Լայն տարածում ունի այն վարկածը, որի համաձայն մարտի 8-ին կանանց օրը տոնելու ավանդույթն սկսվել է “դատարկ կաթսաների քայլերթից”, որը 1857 թվականին անցկացրին Նյու Յորքի տեքստիլ արդյունաբերության գործարանի կին աշխատակիցները՝ ի նշան բողոքի աշխատանքի վատ պայմանների և ցածր աշխատավարձի վերաբերյալ: Նրանք պահանջում էին կրճատել աշխատանքային օրը և վճարել իրենց տղամարդկանց հավասար աշխատավարձ: Այս կանայք աշխատում էին 16 ժամ, իսկ նրանց աշխատանքը չափազանց ցածր էր գնահատվում:

Իսկ եթե որևէ մեկը դեռևս կասկածներ ունի, կապված այն հարցի հետ, որ սա իսկապես միջազգային տոն է, նշենք, որ 1977 թվականին ՄԱԿ-ն ընդունեց 32/142 բանաձևը՝ կոչ անելով մարտի 8-ը հռչակել կանանց իրավունքների համար պայքարի օր՝ Կանանց միջազգային օր:

Մարտի 8-ը պաշտոնապես տոնում են Հայաստանում, Ադրբեջանում, Աֆղանստանում, Բելառուսում, Բուրկինա Ֆասոյում, Վիետնամում, Գվինեա Բիսաուում, Վրաստանում, Զամբիայում, Կամբոջայում, Ղրղըզստանում, Կիրիբատիում, Չինաստանում, Կոստա Ռիկայում, Կուբայում, Լաոսում, Մադագասկարում, Մոլդովայում, Մոնղոլիայում, Նեպալում, Ռուսաստանում, Ղազախստանում, Սերբիայում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուգանդայում, Ուզբեկստանում, Ուկրաինայում, Խորվաթիայում, Չերնոգորիայում, Էրիթրեայում:

Վերոնշյալ երկրների մի մասում, այդ թվում՝ Հայաստանում, մարտի 8-ը ոչ աշխատանքային օր է, մյուսներում՝ աշխատանքային: Հետաքրքիր է, որ Մադագասկարում մարտի 8-ը ոչ աշխատանքային օր է համարվում միայն կանանց համար:

Դե ինչ, թող գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչների աչքերը փայլեն կանացի երջանկությամբ յուրաքանչյուր օր:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ ողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ բոլոր կանանց մարտի 8-ը, որով մեր երկրում մեկնարկում է կանանց միամսյակը:

Արմինե Հարությունյան