«ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԿԵՆՏՐՈՆ

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում այսօր Երևանում բացվեց վերաինտեգրման ուղղորդման կենտրոնը: Այն ՀՀ վերադարձող քաղաքացիներին ծառայում է որպես «մեկ պատուհան», որտեղ նրանք տեղեկանում են վերաինտեգրման հնարավորությունների մասին և ուղղորդվում իրենց անհատական իրավիճակին համապատասխան ծառայությունների, – հայտնում է tert.am -ը:

 Կենտրոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

 «Ծրագիրը նպատակ ունի մատուցել ծառայություն, որը միտված է լինելու ներգաղթյալներին ռեինտեգրացիոն հարցերում աջակցելուն: Ծրագրի շարժառիթն այն է, որ հայրենիք վերադարձողները հայտնվում են խիստ փոփոխված իրավիճակում, այն հաճախ ուղեկցվում է լուրջ խնդիրներով, և սրանից ելնելով՝ շատերը ցանկանում են նորից հետ գնալ, ուստի շատ կարևոր է նրանց կողքին լինելը»,- ասաց Գագիկ Եգանյանը:

 Վերջինիս փոխանցմամբ՝ այսօր Հայաստանում ԵՄ-ի ֆինանսավորմամբ միգրացիոն ոլորտում իրականացվում է 8 ծրագիր:

 Իր հերթին Տրայան Հրիսթեան նշեց, որ ծրագիրը մասամբ նաև իրականացվում է ի դեմս վիզաների դյուրացման համաձայնագրերի փաթեթի: «Գործընկերության հռչակագրի լույսի ներքո պարզ է դառնում, թե որքան է ԵՄ-ն կարևորում Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարումը, պարզ է նաև, թե ինչ աջակցություն է ցուցաբերվում այդ գործընթացին»,-ասաց նա՝ շեշտելով, որ ծրագիրը Հայաստանում կազմակերպում է վերաինտեգրման համալիր գործընթաց:

 Կենտրոնը համագործակցում է պետական կառույցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, որոնք տրամադրում են վերաինտեգրման աջակցություն:

 11.03.2014

Աղբյուրը՝ tert.am