“Արցախի երիտասարդության ձայնը”. թարմ կարծիքներ հին խնդրի շուջ

“Արցախի երիտասարդության ձայնը երիտասարդ առաջնորդների դպրոցի մասնակիցների համար” /”ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ-2013″/ ծրագրի շրջանակներում ակտիվ երիտասարդների համար կազմակերպված թրեյնինգների շարքը կոչված է քաղաքականությամբ հետաքրքրվող ուսանողներին, ակտիվիստներին, մագիստրոսներին, ասպիրանտներին նախապատրաստել հստակ գիտելիքների վրա հիմնված ելույթների, վերլուծության, փաստերի համադրման: Մարտի 5-6 Արցախի պետական համալսարանում տեղի ունեցած հերթական թրեյնինգը քննարկման վայր հանդիսացավ ամենատարբեր ակտուալ թեմաներովՈւկրաինայից մինչև արդեն “կենցաղային” դարձած ղարաբաղյան խնդիր: Չնայած այն հանգամանքին, որ ղարաբաղյան կարգավորումն առավել հետաքրքրող հարց է հանդիսանում Ղարաբաղում բնակվող յուրաքանչյուր ընտանիքի համար՝ հարցի լուծման ձգձգվելն իրականում պատճառ է դարձել, որ շատերն այնքան են սովորել գոյություն ունեցող ստատուս քվոյին, որ կարգավորման նոր գաղափարները և մեխանիզմներն այնքան էլ հաճախ առաջ չեն քաշվում: Այս ծրագրի շրջանակներում իրականացվող թրեյնինգները նպատակ ունեն նաև հասնել նրան, որ նման գաղափարները, հնացած խնդրին թարմ հայացքը շարունակեն ի հայտ գալ: Հենց այդ պատճառով տվյալ միջոցառման ընթացքում որպես զեկուցողներ հանդես են եկել նաև հենց թրեյնինգի մասնակիցները, որոնք նախապատրաստել են “Ղարաբաղի վերաբերյալ կամ դրա շուրջ” այս կամ այն թեմայով իրենց սեփական աշխատանքները:

ԼՂՀ վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանը զեկույց է ներկայացրել “Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ազգային անվտանգության հարցերով փաստաթղթերի հիման վրա հակամարտությունների փոխազդեցության համեմատական վերլուծություն” թեմայով: Մասնակիցների կարծիքով, զեկուցողը փաստաթղթերի իսկապես շատ հետաքրքիր վերլուծություն է ներկայացրել՝ միաժամանակ բացատրելով, թե ինչով են տարբերվում “ռազմակավարություն” և “տակտիկա” հասկացություններն ազգային անվտանգության համատեքստում:

“Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն” ՊՈԱԿ փորձագետ Լիանա Հովհաննսիսյանը մասնակիցներին ներկայացրել է իր տեսակետը “Ղարաբաղյան կարգավորման գործընթաց. առկա և հնարավոր զարգացումներ” թեմայի շուրջ՝ պատմելով ղարաբաղյան կարգավորման ոլորտում վերջին իրադարձությունների մասին: Լ. Հովհաննիսյանը վերջին իրադարձություններն անվանել է “բանակցությունների ինտերակտիվ փուլ”, որն անց է կացվում Twitter-ի միջոցով, և նշել է դրանց Ղարաբաղի ակտիվ մասնակցության կարևորությունը:

Արցախի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի ասպիրանտ Արամ Թադևոսյանը համարել էր, որ թրեյնինգի մասնակիցների համար կարևոր է քննարկել “Միգրացիայի արժեքային գնահատական” թեման, որն ուղղակիորեն կապված չէ ղարաբաղյան կարգավորման հետ, սակայն բավական ակտուալ թեմա է հանդիսանում: Ի տարբերություն գոյություն ունեցող կարծիքների՝ զեկուցողը կարծում է, որ միգրացիայի պատճառը տնտեսությունը և սոցիալական պայմանները չեն, այլ արժեքները: Հենց արժեքային առումով լավագույնին և ամենաբարձրին հասնելու համար մարդը հեռանալու որոշում է կայացնում, կարծում է Ա. Թադևոսյանը:

Հետաքրքիր էին թրեյնինգի նաև առավել ինտերակտիվ հատվածները: Թրեյնինգի մասնակիցներից Արմինե Մոսիյանը քննարկում անցկացրեց “Ղարաբաղ և Կոսովո. զուգահեռներ” թեմայով՝ ներկայացնելով երկու գործընթացների իրավական գնահատականը, ինչը մասնակիցների համար բավական կարևոր բազա դարձավ տվյալ թեմայի շուրջ հետագա քննարկումների համար ևս: Բավական հետաքրքիր կարծիքներ հայտնեց նաև ֆոկուս խումբը “Արցախահայության վերաբերմունքն ադրբեջանցիների նկատմամբ” թեմայի շուրջ: մասնակցիների կարծիքները խմբի ներսում որոշ հարցերի շուրջ արմատապես տարբերվում էին, որոշներում՝ համընկնում, սակայն, միանշանակ, դրանք տարբերվում էին Հայաստանում բնակվող իրենց հասակակիցների արտահայտած կարծիքներից:

Ինչպես կազմակերպիչների, այնպես էլ ծրագրի մասնակիցների կարծիքով, վերջին թրեյնինգը բավական հաջողված փորձ դարձավ բոլորի համար: Երիտասարդ զեկուցողների համար դա սեփական տեսակետը, սեփական կարծիքն արտահայտելու հնարավորություն էր, և դա իսկապես օգտակար էր: Կազմակերպիչները նշեցին, որ նման միջոցառումները մշտապես փոխհարստացնում են, և հենց կրեատիվությունը, թարմ և վառ գաղափարները հանգեցնում են հին իրադարձությունների նոր, անգնահատելի հայացքի:

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության օժանդակությամբ և “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” ՀԿ-ի և Արցախի պետական համալսարանի հետ համագործակցությամբ: 

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ