“Միասին 2” ծրագիր

Մեր երկրի, հասարակության հաստատուն զարգացման համար էապես կարևոր է խաղաղ, անվտանգ և ապահով միջավայրի առկայությունը: “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն մշտապես փորձում է ինչպես հանդես գալ, այնպես էլ ներգրավվել այնպիսի նախաձեռնություններում, որոնք ուղղված են մեր տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը: Դրա վառ ապացույցներից է “Միասին” ծրագիրը, ինչպես նաև “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն “Հումանիտար հետազոտությունների հանրություն” ՀԿ և “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” ՀԿ հետ համագործակցությամբ և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացված “Միասին 2” ծրագիրը:

Ծրագրի նկարագրությունը

“Միասին 2” ծրագիրը նպատակ էր հետապնդում խաղաղության շուրջ երկխոսության մեջ ներգրավել “ռազմական գործողություններից առաավելագույնը տուժող” սահմանամերձ շրջանների երիտասարդներին, ինչպես նաև նրանց համար ստեղծել հարթակ ստեղծագործ մտքերի և տեսակետների փոխանակման և իրագործման համար:

“Միասին 2” ծրագրի շրջանակներում իրականացվել են “Ինչպիսի՞ն են նրանք՝ սահմանից այն կողմ” թեմայի շուրջ զուգահեռ Skype քննարկումներ համապատասխանաբար Իջևանում և Կազախում, Մարտակերտում և Նաֆթալանում 35 տարեկանից ցածր երիտասարդների շրջանում, որոնց մասնակցել են նաև փորձառու կոնֆլիկտաբաններ և հոգեբաններ: Skype քննարկումների միջոցով փակ սահմանի տարբեր կողմերում գտնվող երիտասարդները միմյան հետ շփվելու հնարավորություն են ունեցել:

Skype քննարկումներին հաջորդել են “Խաղաղությունը հայերի և ադրբեջանցիների աչքերով” թեմայով լուսանկարների ցուցադրություններ (“Միասին” ծրագրի առաջին փուլում ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի երիտասարդ լուսանկրիչների՝ “Խաղաղություն” թեմայով լուսանկարները), “Միասին” ծրագրի առաջին փուլի արդյունքերի (երգի, կարգախոսի, լոգոյի, տեսանյութի) ներկայացումը: Նշենք նաև, որ “Խաղաղությունը հայերի և ադրբեջանցիների աչքերով” խորագրով լուսանկարների հավաքածուն արդեն մշտապես հասանելի է սահմանամերձ այս գոտիներում՝ Իջևանում, Կազախում, Մարտակերտում և Նավթալանում: Ենթադրվում է, որ ծանոթությունը, թեկուզև վիրտուալ, կոտրել է որոշ կարծրատիպեր քննարկումների մասնակիցների մոտ:

Անցկացվել են նաև “խաղաղություն” թեմայով լուսանկարների և “Միասին” ծրագրի առաջին փուլում ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի երաժիշտների և բանաստեղծների համատեղ ջանքերով ստեղծված “Միասին” երգի անգլերեն խոսքերի մրցույթներ, որոնց ընթացքում ստացված բոլոր լուսանկարները և երգի խոսքերը` առանց նշելու հեղինակներին, տեղադրվել են “Միասին” ծրագրի ֆեյսբուքյան էջում: Մրցույթների ավարտին անցակցվել են առցանց քվեարկություններ, որոնց արդյունքում ստացված լուսանկարներից և երգի խոսքերից ընտրվել են լավագույն երեք աշխատանքները:

Ծրագիրը նպաստել  և շարունակում է նպաստել սահմանամերձ շրջաններում ապրող երիտասարդների միջև երկխոսության հաստատմանը:

Ծրագրի լուսանկարներ