“Ուկրաինան ընդդեմ ՌԴ-ի” գործն արդեն ՄԻԵԴ-ում է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական կայքը հաղորդում է, որ երեկ՝ մարտի 13-ին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 33-րդ հոդվածի (միջպետական գործեր) համաձայն, ուկրաինական կառավարությունը հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ Ռուսաստանի Դաշնության դեմ: Կոնվենցիայի 33-րդ հոդվածը սահմանում է, որ կոնվենցիայի “ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է Դատարան դիմել Կոնվենցիայի և դրան կից արձանագրությունների դրույթների ցանկացած ենթադրյալ խախտման հարցով, որը թույլ է տվել մեկ այլ Բարձր պայմանավորվող կողմ”:

Դիմող կողմը միևնույն ժամանակ հղում կատարելով Դատարանի կանոնակարգի 39-րդ կետին (ժամանակավոր (միջանկյալ) միջոցներ)՝ Դատարանին խնդրել է կիրառել համապատասխան դրույթը ՌԴ նկատմամբ՝ վերջինիցս պահանջելով ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք վտանգի կենթարկեն Ուկրաինայի խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը:

Դատարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. “հաշվի առնելով, որ ընթացիկ իրավիճակը կարող է հանգեցնել հետագայում կոնվենցիայի դրույթների ավելի լուրջ խախտումների, Դատարանը որոշում է ընդունել կիրառել կանոնակարգի 39-րդ կետը՝ սահմանելով ժամանակավոր (միջանկյալ) միջոցներ”:

Ելնելով վերոնշյալից՝ Դատարանը կոչ է արել Ուկրաինային և ՌԴ-ին ձեռնպահ մնալ ցանկացած քայլ և հատկապես ռազմական գործողություններ իրականացնելուց, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտմանը, այդ թվում՝ հոդված 2-րդի (կյանքի իրավունք) և 3-րդի (խոշտանգումների, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքի) դրույթների խախտմանը:

Դատարանը կողմերին առաջարկել է նաև հնարավորինս արագ տեղեկացնել այն միջոցների մասին, որոնք ձեռնարկվել են իրենց կողմից կոնվենցիայի դրույթների պահպանման ուղղությամբ, ինչպես նաև բացատրել է, որ կանոնակարգի 39-րդ կետի ուժով Դատարանը կարող է կողմերին ցանկացած ժամանակավոր միջոց առաջարկել:

ՄԻԵԴ-ի կողմից գործը ընդունվել է և գրանցված է որպես միջպետական վեճ “Ուկրաինան ընդդեմ ՌԴ-ի”՝ № 20958/14 համարի ներքո:

Ի դեպ, ՄԻԵԴ-ի բավական արագ արձագանքը Ուկրաինայի դիմումին մեկնաբանել է նաև Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն, նշելով, որ “կատարվածը Ուկրաինայի առաջին փոքրիկ հաղթանակն է միջազգային դատական հաստատություններում: Հիմա արդեն միջազգային դատական ատյաններն էլ են ընդունում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքում իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումները: Նման որոշումները շատ կարևոր են, որովհետև այն պաշտոնյաները, ովքեր հրաման են տվել ագրեսիա սկսել Ուկրաինայի ժողովրդի դեմ մի օր այլևս պաշտոնական անձինք չեն լինի, սակայն նման որոշումների առկայության պարագայում նրանք ստիպված կլինեն պատասխան տալ իրենց կողմից իրականացված գործողությունների համար առանց վաղեմության ժամկետի՝ համաձայն միջազգային իրավունքի դրույթների: ՄԻԵԴ-ը բավական սեղմ ժամկետներում նման որոշում կայացրեց. մենք այսօր կեսօրին դիմումը ներկայացրինք, իսկ արդեն երեկոյան Դատարանի կայքում համապատասխան որոշումը կար:” Ուկրաինայի արդարադատության նախարարը նաև իր շնորհակալությունն է հայտնել փաստաբանների և միջազգային իրավունքի մասնագետների այն խմբին, որոնց շնորհիվ բավական սեղմ ժամկետում ուկրաինական կառավարությունը կազմեց դիմումը և ներկայացրեց ՄԻԵԴ:

Հերմինե Մխիթարյան