Այս շաբաթ Եվրոպայում․․․

Ստորև ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին։

Մարտի 17-ին տեղի կունենա ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի նախագահությամբ։ Օրակարգում ընդգրկված է Ուկրաինայի վիճակի, և ավելի լայն՝ Արևելյան գործընկերության քննարկումը։ Նիստի ընթացքում կքննարկվեն Ուկրաինայում տեղի ունեցած վերջին զարգացումներն ու մարտի 6-ի ԵՄ արտահերթ գագաթաժողովի, մարտի 3-ի ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի արտահերթ նիստի արդյունքները։ Բանավեճի կդրվեն ԱլԳ-ին վերաբերող այլ հարցեր։

Հաջորդ օրը տեղի կունենա ԵՄ Ընդհանուր հարցերի խորհրդի նիստ, որի նպատակն է նախապատրաստել կայանալիք ԵՄ գագաթաժողովի եզրակացությունների նախագիծը։ Նիստին կհաջորդի աշխատանքային ընթրիք Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ։

ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-19-ը Ժնևում կմասնակցի Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովին։ Վեհաժողովում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով` «Միջխորհրդարանական միության 125-ամյակը. մեր հանձնառությունը խաղաղությանն ու ժողովրդավարությանը» թեմայով: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:

Մարտի 18-19-ին Վիեննայում կանցկացվեն բանակցություններ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

Մարտի 20-ին Բրյուսելում կկայանա Եվրոպական ժողովրդական կուսակցության ընդլայնված գագաթաժողով։ Օրակարգում ընդգրկված է նախապատրաստումը Եվրոպական խորհրդի նիստի (ԵՄ գագաթաժողովին)։ Ներկայացվելու է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի համար կուսակցության թեկնածու Ժան Կլոդ Ջանքերը։

Մարտի 20-21-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրոպական խորհրդի նիստ (ԵՄ գագաթաժողով)։ Օրակարգում ընդգրկված է եռամսյակի ամփոփում, տնտեսական հարցեր, բնապահպանությանն ու էներգիային, ինչպես նաև արտաքին հարաբերություններին վերաբերող հարցեր։ Վերջիններիս թվում առանձնացված է ԵՄ-Աֆրիկա գագաթաժողովի նախապատրաստումը, հնարավոր է նաև անդրադարձ այլ հարցերի։

Մարտի 22-24-ը Եվրոպայի Խորհրդի նախագահ Անն Բրասյորը փաստահավաք այց կիրականացնի Ուկրաինա։

Աննա Կարապետյան