ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԵՄ ԿԱԶՄԻ ՄԵՋ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ

Եվրահանձնաժողովը հաստատում է Ուկրաինային ԵՄ կազմի մեջ ընդունելու մասին իր առաջարկը, հայտնում է Deutsche Welle-ը: “Եթե մենք ցանկանում ենք փոխել Արևելյան Եվրոպայի այն հատվածը, որին անդրադարձել են վերջին իրադարձությունները, մենք պետք է օգտագործենք քաղաքականության ամենաուժեղ գործիքը, որն ունի ԵՄ-ն. դա ընդլայնումն է: Այն աննախադեպ արդյունավետ և կայունացնող ուժ ունի”, – գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում ասել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Այդուհանդերձ, Եվրամիությանն անդամակցելու համար Ուկրաինան պետք է ստանա ԵՄ անդամ բոլոր 28 պետությունների համաձայնությունը, սակայն Գերմանիայի և Ֆրանսիայի բնակչության ճնշող մեծամասնությունը, ըստ սոցիոլոգիական հարցումքերի վերջին տվյալների, դեմ են նման որոշմանը, հայտնում է РБК-ն:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԱԳՆ-ում քննարկում են ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական հատվածի ստորագրումն ընթացիկ տարվա մարտի 21-ին: Ինչ վերաբերում է ԵՄ հետ ազատ առևտրի գոտուն, ապա համաձայնագրի մի մասն ստորագրվելու է Ուկրաինայում նախագահական ընտրոթւյուններից հետո, որոնք նախատեսվում են մայիսի 25-ին: Նախկինում Ազարովի կառավարությունը հրաժարվեց ստորագրել այդ համաձայնագիրը՝ այն Ուկրաինայի համար համարելով տնտեսապես ոչ ձեռնտու, հայտնում է Корреспондент-ը:

Ավելի վաղ ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյն իր թվիթերյան էջում գրել էր, որ ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև օգոստոս: Ընդ որում, համաձայնագրի քաղաքական հատվածը կստորագրվի նախքան Ուկրաինայի նախագահական ընտրությունները:

Հայտնի է դարձել նաև, որ Ուկրաինան արդեն մարտի 19-ին կարող է մեկ միլիարդ եվրո օգնություն ստանալ ծրագրավորված 1,6 միլիարդից: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Նրա խոսքերով, ԵՄ-ի գործողությունները վկայում են Ուկրաինային հավատարիմ լինելու մասին, հայտնում է УНН-ը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանն իր հերթին առաջարկել է ԱՄՆ-ին և ԵՄ-ին Ուկրաինային աջակցելու համար խումբ ստեղծել այն կազմով, որն ընդունելի կլինի ուկրաինական քաղաքական բոլոր ուժերի համար, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է РИА “Новости”-ն: ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ խմբի մասնակիցները կպարտավորվեն հարգել Ուկրաինայի բազմազգ ժողովրդի շահերը, աջակցել երկրի բոլոր շրջանների և բոլոր ուկրաինացիների՝ իրենց բոլոր ավանդույթներին և սովորույթներին համապատասխան անվտանգության մեջ ապրելու, մայրենի լեզվից, սեփական մշակույթից ազատ օգտվելու և իրենց հայրենակիցների ու հարազատների հետ ամուր կապեր պաշտպանելու օրինական ձգտումը:

18.03.2014

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ