ԵՄ գագաթաժողով. Արևելյան գործընկերության նոր զարգացումներ

Ուկրաինայի հետ այսօր ստորագրվել է Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, իսկ Վրաստանն ու Մոլդովան կստորագրեն Ասոցացման համաձայնագրերը հունիսից ոչ ուշ: Հայաստանն ու ԵՄ-ն քննարկում են նոր մեծ քաղաքական համաձայնագրի ստորագրումը:

Մարտի 20-21-ին Բրյուսելում անց է կացվում ԵՄ գագաթաժողով, որի օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում Արևելյան գործընկերության քննարկումը: Երեկ երեկոյան ԵՄ երկրների ղակավարները քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և ՌԴ-ի հանդեպ հնարավոր պատժամիջոցների ընդլայնումը: Այսօր ԵՄ-ն և Ուկրաինան ստորագրել են Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը:

Եվրոպական խորհրդի կողմից ընդունվել է Ուկրաինայի վերաբերյալ եզրակացությունների փաթեթ, որով ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայում իրավիճակը կայունացնելու իշխանությունների ջանքերին, ընդգծվել է բարեփոխումների և Ուկրաինային օգնելու կարևորությունը: Եվս մեկ անգամ անդրադարձ է կատարվել Ղրիմի հանրաքվեին. «ԵՄ-ն շարունակում է հակված մնալ Ուկրաինայի սուվերենության և տարածքային ամբողջականության պահպանմանը: Եվրոպական խորհուրդը չի ճանաչում Ղրիմի անօրինական հանրաքվեն»,-ասված է փաստաթղթում:

Որոշվել է 12 հոգով մեծացնել պատժամիջոցների ենթարկվող ՌԴ քաղաքացիների ցանկը: Չեն կայանա սպասվող ԵՄ-ՌԴ գագաթաժողովն ու ՌԴ-ի հետ պարբերական բնույթ կրող երկկողմ գագաթաժողովները, Եվրոպական խորհուրդն իր աջակցությունն է հայտնել Հաագայում կայանալիք Մեծ յոթնյակի հանդիպմանը: Ընդգծվել է նաև ուժի կիրառման անընդունելիությունը. «Եվրոպական խորհուրդը խորապես հավատացած է, որ 21-րդ դարում սահմանների փոփոխության համար ուժի և բռնության կիրառումն անընդունելի է»: ԵՄ ղեկավարները կոչ են արել հնարավորինս արագ համաձայնություն ձեռք բերել Ուկրաինա ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու վերաբերյալ, չհաջողելու պարագայում՝ մոտ օրերս հրահանգելով ձևավորել ԵՄ առաքելություն:

ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել Ուկրաինայի և ՌԴ-ի միջև երկխոսություն հաստատելու ուղղությամբ՝ այդ թվում բազմակողմանի մեխանիզմների կիրառմամբ: Նշվում է, որ Ուկրաինայում իրավիճակի անկայունացմանն ուղղված ՌԴ-ի ցանկացած հետագա գործողությունները կհանգեցնեն տնտեսական լայն շրջանակների վերաբերող լրացուցիչ և ավելի խորը հետևանքների:

ԵՄ անդամ երկրների ղեկավարները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց վճռականությունը խորացնել քաղաքական ասոցացումն ու տնտեսական ինտեգրումը Վրաստանի և Մոլդովայի հետ: Ակնկալվում է նրանց հետ Ասոցացման համաձայնագրերը, ներառյալ ԽՀԱԱՀ-երը, ստորագրել հունիսից ոչ ուշ:

Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը ստորագրվել է արդեն այսօր: Միաժամանակ, ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել ստորագրել Ասոցացման համաձայնագրի մնացած մասն ու ԽՀԱԱՀ-ն: Կոչ է արվել Եվրախորհրդարանին հաստատել ԵՄ Ուկրաինայից ապրանքների ներկրման տուրքերի գանձման ժամանակավոր վերացումը:

ԵՄ գագաթաժողովին նախորդել է ԵԺԿ գագաթաժողովը, որին մասնակցել են նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը: Հայաստանից գագաթաժողովին մասնակցել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հանդիպումից հետո վարչապետը հայտարարել է, որ Հայաստանն ու ԵՄ-ն քննարկում են մեծ քաղաքական համաձայնագրի կնքումը: «Այս պահին մատնացույց է արվում նոր ուղղություն, որ կարելի է ունենալ ԵՄ-ի և Հայաստանի միջև առանձին քաղաքական մեծ համաձայնագիր, և այդ ուղղությամբ մենք աշխատանք ենք տանում մեր եվրոպացի գործընկերների հետ»,-ասել է Տիգրան Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, նոր համաձայնագիրը կամրագրի նախորդ համաձայնագրերում առկա ձեռքբերումները և ծրագրերը, որոնց համար արդեն իսկ լուրջ հիմքեր և ինստիտուտներ են ստեղծվել:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու ԵՄ-ն համաձայնեցրել են 2014-2015թթ. գործողությունների ծրագիրը: Բազմիցս բարձրաձայնվել է Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության նոր իրավական հիմքերի ձևավորման, հների թարմացման անհրաժեշտության մասին: Որպես հնարավոր տարբերակ դիտարկվում է 1999թ.-ից գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագրի վերանայումը:

ԵՄ-ն կարևորում է ԱլԳ երկրների հետ համագործակցությունն ու նրանց հետ անցած ուղու ձեռքբերումների ամրապնդումն ու խորացումը: Ասոցացման քաղաքական և տնտեսական հատվածների անքակտելիության սկզբունքը ժամանակավորապես, կարծես, կողք է դրվել՝ հաշվի առնելով առկա քաղաքական իրավիճակը: ԱլԳ երկրներից յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերվում է տարբերակված մոտեցում:

Աննա Կարապետյան