Այս շաբաթ Եվրոպայում․․․

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին։

Մարտի 24-25-ին Հաագայում կայանալու է Միջուկային անվտագության երրորդ գագաթաժողովը, որին մասնակցելու են 4 միջազգային կազմակերպությունների և 53 երկրների ղեկավարներ, այդ թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Քննարկվելու են միջուկային գլոբալ անվտանգության ուղղությամբ գործադրվող ջանքերը, վերջին չորս տարիների ընթացքում գրանցված հաջողությունները։ Հաջորդ նմանատիպ գագաթաժողովը կայանալու է 2016թ․-ին ԱՄՆ-ում։

Գագաթաժողովի շրջանակներում ծրագրված է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումներ երկու երկրների նախագահների հետ։ Գագաթաժողովի շրջանակներում կայանալու է նաև Մեծ յոթնյակի ղեկավարների հանդիպում։

Մարտի 26-ին տեղի կունենա ԵՄ-ԱՄՆ գագաթաժողով Բրյուսելում։ ԱՄՆ-ի կողմից գագաթաժողովին մասնակցելու է նախագահ Բարաք Օբաման, իսկ ԵՄ-ի կողմից եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը։

Մարտի 27-ին Բրյուսելում կկայանա Եվրոպական պաշտպանության ծառայության ամենամյա համաժողովը։ Ելույթով հանդես կգա ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը։

Մարտի 26-ին Եվրախորհրդարանում ելույթ է ունենալու Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը։

Աննա Կարապետյան