ԵՄ-Ն ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԷՆԵՐԳԱՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՑ

ԵՄ-ն որոշում է կայացրել կրճատել ռուսական էներգակիրների սպառումը` դրանք ԱՄՆ-ից ներկրելու հաշվին:

Թեև մասնագետների գնահատականով այս հեռանկարը մոտ ապագայում իրատեսական չի կարելի համարել, այնուամենայնիվ ԵՄ գագաթաժողովում Արևելյան Եվրոպայի երկրներին խոստացվել է էներգետիկ մեկուսացումից դուրս բերել 2015 թվականին:

«Коммерсантъ»-ի հաղորդմամբ, Եվրոպական միությունը մտադիր է ոչ միայն պատժամիջոցներ կիրառել ռուս պաշտոնյաների նկատմամբ, այլև կրճատել կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից: Այս մասին, Բրյուսելում ամփոփելով ԵՄ ղեկավարների երկօրյա գագաթնաժողովի արդյունքները, հայտնել է Եվրոպական Խորհրդի ղեկավար Հերման Վան Ռոմպեյը: Թե՛ Ռուսաստանից, թե՛ այլ երկրներից ներկրվող էներգառեսուրսներից հրաժարվելն ու դրանց փոխարինումը իրականացվելու է ԱՄՆ-ից թերթաքարային գազի ներկրման և վերականգնվող ու միջուկային էներգիայի մասնաբաժնի ավելացման հաշվին:

Գագաթնաժողովից հետո Հերման Վան Ռոմպեյը նշել է, որ արտաքին մատակարարներից, մասնավորապես Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու խնդիրը եղել է գագաթնաժողովի գլխավոր թեման: Նաև որոշվել է, որ ռուսական էներգակիրների պահանջարկի կրճատման վերաբերյալ կոնկրետ գործողությունների ծրագիր Եվրոպական Հանձնաժողովը կներկայացնի հունիսին կայանալիք ԵՄ ղեկավարների գագաթնաժողովին:

Պետք է նշել, սակայն, որ ավելացնելով ճնշումը Մոկվայի վրա` Վաշինգտոնը մեծացնում է Եվրոպային հարված հասցնելու հավանականությունը: Եվրոպական երկրները տնտեսապես և ֆինանսապես շատ ավելի կապված են Ռուսաստանի հետ, քան ԱՄՆ-ի:

Թեև ԱՄՆ կողմից ՌԴ հանդեպ սանկցիաների կիրառման խստացումը կհանգեցնի երկիր մտնող օտարերկրյա ներդրումների կտրուկ կրճատմանը, այդպիսով մվազեցնելով երկրում առանց այդ էլ դանդաղ տնտեսական աճը, այնուամենայնիվ, The Wall Street Journal-ի փոխանցմամբ, այս գործընթացը կարող է վնասել ինչպես ՌԴ-ին այնպես էլ Եվրոպային:

Նշենք, որ քաղաքական լարվածության աճն արդեն հանգեցրել է Ռուսաստանից միջոցների արտահոսքի՝ ներդրողների վախերի պատճառով: Տնտեսագետների գնահատականներով, հետեգա սանկցիաները կարագացնեն Ռուսաստանից կապիտալի արտահոսքը:

25․03․2014

Աղբյուրը՝ «Արմեդիա» ՏՎԳ