«Ապրենք երկրում, որտեղ իշխում են ոչ թե մարդիկ, այլ` օրենքը»

Մարտի 25-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեց “Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում” ծրագիրը: Եվրամիության կողմից ֆինանսավորվող այս ծրագիրն իրականացվում է “Հայաստանի երիտասարդական իրավաբանների ասոցացիա” ՀԿ-ի կողմից` “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի ֆորմալ իրականացումն սկսվել է 2014 թվականի հունվարին և կավարտվի 2016 թվականի դեկտեմբերին:

Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկան ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: Ողջունելով ծրագրի շրջանակներում նախատեսվող գործողություններն ու միջոցառումները և շնորհակալություն հայտնելով ծրագրի կազմակերպիչներին՝ Օրբելյանը նշեց, որ այսօր ՀՀ-ն մշակում է հակակոռուպցիոն նոր ռազմավարություն, և պատրաստ լինելուց հետո այն կքննարկվի քաղաքացիական հասարակության լայն շերտերի հետ: Փոխնախարարը հույս հայտնեց, որ դա կլինի իսկապես գործող փաստաթուղթ:

ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր հերթին նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարն առաջնային է ԵՄ օրակարգում: Նրա խոսքերով, կոռուպցիան աշխարհում թիվ մեկ մարտահրավերներից է, և այս հարցում Հայաստանը բացառություն չի հանդիսանում: Այդուհանդերձ, Հրիսթեան նշեց, որ Հայաստանը վերջին տարիների ընթացքում բազմիցս դրա դեմ պայքարելու պատրաստակամություն է հայտնել: Իր խոսքի վերջում ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավարը հույս հայտնեց, որ Հայաստանն ապագայում զգալի արդյունքներ կգրանցի այս բնագավառում:

Բացման արարողության շրջանակներում ելույթով հանդես եկավ նաև “Հայաստանի երիտասարդական իրավաբանների ասոցացիա” ՀԿ նախագահ, “Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում” ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, ով հանգամանալից ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակը: Այն է՝ մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում: Ընդ որում, ծրագրային գործողություններն իրականացվում են հետևյալ բաղադրիչներով.

1. Հզորացնել ՔՀԿ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները:

2. Բարձրացնել ՔՀԿ-ների կողմից ՀՀ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված հակակոռուպցիոն բարեփոխումների և 2012-2016 թվականների դատաիրավական համակարգի բարեփոխումների ռազմավարության նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետությունը:

3. Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմներն ամրապնդելու համար ստեղծել ՔՀԿ-Կառավարություն կայուն երկխոսություն, ՔՀԿ-ների մասնակցությամբ` անկախ միասնական հակակոռուպցիոն մարմնի ստեղծման և ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 20-րդ հոդվածի (ապօրինի հարստացում) քրեականացման հարցերի վերաբերյալ:

Զադոյանն ընդգծեց, որ Հայաստանում կան հակակոռուպցիոն տարբեր կազմակերպություններ և պետական մարմիններ, ուստի «փորձ կարվի նրանց բոլորին նստեցնել կլոր սեղանի շուրջ քննարկումներ անցկացնելու և լուծումներ գտնելու համար»: Նրա խոսքերով, դա անկասկած մեծ ջանքեր և ներգրավվածություն կպահանջի, բացի այդ, սա 1-2 տարվա հարց չէ: “Մենք պետք է ձգտենք ապրել մի երկրում, որտեղ իշխում են ոչ թե մարդիկ, այլ օրենքը: Իսկ դրա հնարավորությունն այսօր կա”, – ասաց Զադոյանը:

Միջոցառման ավարտին ներկաներն իրենց հուզող հարցերը բարձրաձայնեցին և կարծիքներ հայտնեցին: Ներկաներից մեկը նշեց, որ գրեթե մեկ տասնամյակ և ավելի ՀՀ-ում պետական և հասարակական մակարդակներով բազմաթիվ հակակոռուպցիոն ծրագրեր են իրականացվել, սակայն դրանք շոշափելի արդյունքներ չեն տվել: Ի պատասխան Արամ Օրբելյանը նշեց, որ իրականում ծրագրերն անարդյունավետ չեն եղել: Նրա խոսքերով, գուցե այդ ծրագրերը կաշառակերությունն ամբողջությամբ չեն վերացրել, սակայն դրանք քայլեր են, որոնք առաջընթաց են գրանցում ոլորտում: Այս առնչությամբ Տրայան Հրիսթեան իր կողմից հավելեց, որ նույնիսկ ամենաերկար ճանապարհն սկսվում է առաջին քայլից:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ