Առանց վիզայի ռեժիմ Մոլդովայի հետ

Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես ընդունել է որոշում, համաձայն որի Մոլդովայի քաղաքացիները, ովքեր ունեն կենսաչափական անձնագրեր, կարող են առանց վիզայի ռեժիմի մեկնել Շենգեն գոտի:

Որոշումը ստորագրվել է Բրյուսելում Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի ու ԵՄ Խորհրդում նախագահող Հունաստանի ԱԳ փոխնախարար Դիմիտրիս Կուրկուլասի կողմից: Այն ուժի մեջ կմտնի արդեն ապրիլի 28-ից:

Տեղեկացնենք, որ վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու օգտին Եվրախորհրդարանը քվեարկել էր դեռ փետրվարին: Նոր կանոնների համաձայն, Մոլդովայի քաղաքացիները կարող են 6 ամսվա ընթացքում մինչև 90 օր գտնվել Շենգեն գոտու տարածքում:

ԵՄ ներքին հարցերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրեմը այս քայլն անվանել է “մեծ նվաճում և նոր էջի սկիզբ” ԵՄ-Մոլդովա հարաբերություններում: Նա նաև հավելել է, որ Մոլդովայի դեպքը “հիանալի օրինակ” է տարածաշրջանի մյուս երկրների համար՝ ցույց տալով, որ ամուր հավատարմությունը քաղաքական ուղուն և բարեփոխումների արդյունավետ իրականացումը բերում են շոշափելի արդյունքների:

 

Աղբյուր՝ EurActiv.com