ԱՅՍ ՇԱԲԱԹ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ…

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին։

Ապրիլի 7-11-ը Ստրասբուրգում տեղի կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը։ Քննարկվելու է ՌԴ պատվիրակության լիազարությունների սահմանափակման հարցը, Ուկրաինայում ստեղծված ճգնաժամն ու Ղրիմի հարցը, ելույթով հանդես կգա Ուկրիանայի վարչապետ Արսենի Յացենյուկը։ Ըստ հայաստանյան պատվիրակության, ԵԽ հանձնակատարի տարեկան հաշվետվության ժամանակ հարցեր կհնչեն մարդու իրավունքների և մասնավորապես Քեսաբի դեպքերի հետ կապված:

Ապրիլի 7-8-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Վիլնյուսում կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովին, որին հրավիրված են նաև Արևելյան գործընկերության անդամ երկրների խորհրդարանների նախագահները: Խորհրդաժողովում ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով:

Ապրիլի 7-ին տեղի է ունենալու Եվրախորհրդարանում ԵԺԿ խմբի առաջնորդների հանդիպում, որին մասնակցելու է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն։

Ապրիլի 8-9-ին Վիեննայում կանցկացվի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը։

Ապրիլի 9-ին ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կհյուրընկալի Թուրքիայի ԵՄ-ի հետ հարաբերությունների նախարար և գլխավոր բանակցող Մ․Չավուշօղլուին։ Հաջորդ օրը՝ ապրիլի 10-ին, Ֆյուլեն կմասնակցի Եվրախորհրդարան-Թուրքիա համատեղ հանձնաժողովի նիստին և “ԵՄ-Թուրքիա մաքսային միություն․ վերամեկնարկի ժամանա՞կ” համաժողովին։

07.04.2014