Քաղաքացիների ներգրավվածության պլատֆորմը հասանելի է Հայաստանի համար

 Հայաստանյան հասարակության համար օրերս բացվել է քաղաքացիների ներգրավվածության առցանց պլատֆորմ, որն իրականություն է դարձել ԵՄ կողմից ֆինանսավորվող «Տեղական զարգացման քաղաքականությունների առաջնահերթությունների սահմանման, մշակման և իրականացման մեջ քաղաքացիների ներգրավվածություն (SolveNet)» ծրագրի շնորհիվ: Ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները, ինչն ուղղված է տեղական և տարածքային զարգացման քաղաքականությունների առաջնահերթությունների սահմանման, մշակման և իրականացման հարցում նրանց դերի ամրապնդմանը:

 Ապրիլի 3-4 Երևանում անցկացվել է թրեյնինգ հայաստանյան 10 հասարակական կազմակերպությունների համար, որոնք համայնքային մակարդակում այսուհետ համակարգելու են «SolveNet» ծրագրի շրջանակներում բացված քաղաքացիների ներգրավվածության պլատֆորմը: Պլատֆորմը հնարավորություն է տալիս ՀՀ մարզերի բնակիչներին, ինչպես նաև համայնքային խնդիրներով անհանգստացած ցանկացած անձի, կազմակերպության բարձրացնել համայնքային կարևորության հարցեր, ստանալ դրանց լուծման առաջարկներ և հասնել մինչև իրավասու կառույցների կողմից դրանց իրագործմանը: Պլատֆորմը գործում է «Հանրային կառավարման SMART մեթոդի» հիման վրա, որը մշակվել է ռումինական «SMART» զարգացման կենտրոնի աշխատակից, Պեպերդինի համալսարանի (ԱՄՆ) հանրային քաղաքականության մագիստրոս, Ստորին Դանուբ համալսարանի (Ռումինիա) գիտությունների թեկնածու Ռադու Օփրեայի կողմից: Մեթոդը ներառում է հետևյալ փուլերը՝

(1) Քաղաքացին բացահայտում է հանրային նշանակության մի խնդիր և այն տեղադրում է առցանց պլատֆորմում:

(2) Այլ քաղաքացիներ ընթերցում են այդ գրառումը և ուսումնասիրում խնդիրը: Լուծումներ են ներկայացվում և առցանց տեղադրվում:

(3) Զարգացման «SMART» կենտրոնը և նրա գործընկեր կազմակերպությունները քննարկում են խնդիրը և առաջարկված լուծումները: Խնդիրը համակարգող համայնքային գործընկեր կազմակերպությունը պատրաստում է պաշտոնական նամակ-առաջարկ` բացահայտելով խնդիրները, ընդունելի լուծումներն ու տարբերակները և ի վերջո առաջարկելով լուծում: Փաստաթուղթը ներկայացվում է համապատասխան իրավասու կառույցին և տեղադրվում է առցանց պլատֆորմում:

(4) Իրավասու կառույցը պատասխան է գրում այդ նամակ-առաջարկին, որը նույնպես առցանց պլատֆորմում է տեղադրվում:

(5) Այն քաղաքացին, որն ի սկզբանե բացահայտել էր խնդիրը, ընդունում կամ մերժում է պետական մարմնի պատասխանը:

Հարկ է նշել, որ քաղաքացիների մասնակցության հայաստանյան պլատֆորմը նախագծվել է հանրային քաղաքականությունների ռումինական պլատֆորմի http://politicipublice.ro/ հիման վրա: Համանման պլատֆորմներ են գործում նաև Եվրամիության անդամ երկրներից Ֆրանսիայի, Հունաստանի և Իտալիայի քաղաքացիների համար, ինչպես նաև նախատեսվում է դրա շահագործում Ուկրաինայում և Մոլդովայում ևս: Այս բոլոր հարթակները կցվում են Եվրոպական մակարդակով գործող մեկ ընդհանուր՝ մայր-էջի :

Հայաստանում «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ կողմից իրականացվող SolveNet ծրագիրը իրականանում է նաև Մոլդովայում, Ռումինիայում և Ուկրաինայում: Ծրագիրը նախաձեռնել է «SMART» զարգացման կենտրոնը (Ռումինիա): Գործընկերներն են «Ստորին Դանուբ եվրաշրջան» միջսահմանային համագործակցության ասոցիացիան (Ռումինիա), «Ստորին Դանուբ» եվրաշրջանի կայուն զարգացման և եվրաինտեգրման գործակալությունը (Ուկրաինա) և «Հանրային քաղաքականության ինստիտուտ»-ը (Մոլդովայի Հանրապետություն):

Հեղինե Նազարյան