Կատալոնիա. “Անկախության մասին հանրաքվեն տեղի է ունենալու ցանկացած պարագայում”

Իսպանիայի խորհրդարանի անդամների մեծ մասը դեմ են քվեարկել Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեի անցկացմանը, հայտնում է իսպանական El Mundo լրատվական հրատարակչությունը: Հանրաքվեին կողմ արտահայտվել են 47 պատգամավորներ, դեմ՝ 299-ը, ձեռնպահ մնացել է միայն մեկը:

Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ ինքը Կատալոնիան չի տեսնում Իսպանիայի կազմից դուրս, հայտնում է РИА “Новости”-ն: Նրա խոսքերով, ինքը “չի կարող Կատալոնիան պատկերացնել Իսպանիայից և Եվրոպայից դուրս”: Ելույթ ունենալով իսպանական կառավարությունում՝ Իսպանիայի վարչապետը նշել է, որ ճանաչում է միայն ամբողջ պետության ինքնիշխանությունը, որը պատկանում է բոլոր իսպանացիներին: Կառավարության ղեկավարը հավելել է, որ թույլ չի տա, որ Իսպանիայի ինքնիշխանությանը վտանգ սպառնա՝ ընդգծելով, որ “ինքը սիրում է Կատալոնիան, ինչպես Իսպանիայի մյուս շրջանները”:

Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասը, ով ներկա չի գտնվել խորհրդարանի նիստին, հայտարարել է, որ անկախության մասին քվեարկությունը տեղի է ունենալու ցանկացած պարագայում, “սա դեռ վերջը չէ, և Կատալոնիայի իշխանությունները մտադիր են օրինական ուղիներ փնտրել” հանրաքվեն անցկացնելու համար: Թե ինչ քայլեր կձեռնարկի Իսպանիան դա կանխելու ուղղությամբ, առայժմ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարին Կատալոնիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց Իսպանիայից շրջանի անկախանալուն: Խորհրդարանականները ծրագրում էին, որ քաղաքացիներին երկու հարց կներկայացվի. “Ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան դառնա պետություն” և “Եթե այո, ապա ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն”:

Իսպանական իշխանությունները որոշումից անմիջապես հետո նշեցին, որ հանրաքվեն անօրինական է լինելու, քանի որ հակասում է Իսպանիայի սահմանդրությանը: Իսպանիայի Սահմանադրական դատարանը ևս նոյեմբերի 9-ին նախատեսվող հանրաքվեն անօրեն ճանաչեց: Համաձայն սահմանադրության, նման հանրաքվե կազմակերպելու հարց կարող է բարձրացնել միայն Իսպանիայի կենտրոնական կառավարությունը:

Իսպանիայից առանձնանալու առաջին փորձերը կատալոնական իշխանությունները նախաձեռնել են նախորդ հարյուրամյակի սկզբում: 1979 թվականին Կատալոնիան ինքնավար կարգավիճակ ստացավ, որին հետևեց կատալոներեն լեզվի պաշտոնական ճանաչումը: 2006 թվականին այն ֆինանսական ինքնուրույնության ընդլայնմամբ նոր ինքնավար կարգավիճակ ստացավ: 2012 թվականի շրջանային ընտրությունների արդյունքում տեղի խորհրդարանում մեծամասնություն կազմեցին անկախության կողմնակից հանդիսացող պատգամավորները: Հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին Մասն առաջին անգամ հայտարարել է 2013 թվականի սեպտեմբերին: Կատալոնիայի իշխանությունները վստահ են, որ Իսպանիայի կենտրոնական կառավարությունից անկախանալը կնպաստի իրենց տնտեսության զարգացմանը: Սակայն, իսպանացի պատգամավորների խոսքերով, կատալոնացիները չեն կարող որոշել մի հարց, որն ազդելու է ողջ Իսպանիայի վրա:

Արմինե Հարությունյան