143 միլիարդ ֆունտ սթերլինգ պարտք անկախացումից հետո

Շոտլանդիայի անկախանալու դեպքում նոր երկրի պետական պարտքը կկազմի 143 միլիարդ ֆունտ սթերլինգ, հայտնում է բրիտանական The Telegraph-ը՝ հղվելով Տնտեսական և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտին (NIESR): Դա նորաստեղծ պետության ՀՆԱ-ի մոտ 86%-ն է: NIESR-ի փորձագետները ենթադրում են, որ այդ պարտքն ստիպված է լինելու վճարել Միացյալ Թագավորությունը, քանի որ Էդինբուրգի ռեսուրսները չեն բավականեցնի: Արդյունքում, ինչպես նշում են NIESR-ի մասնագետները, և՛ Միացյալ Թագավորությանը, և՛ Շոտլանդիային կարող է վարկային վարկանիշի ևս մեկ անկում սպառնալ:

Շոտլանդիայի կառավարության մամլո քարտուղարը հայտարարել է, որ NIESR-ի փորձագետները սխալվում են: Շոտլանդիայի բնակիչները, նրա խոսքերով, հիմա էլ ամեն տարի իրենց պարտքերը վճարում են Մեծ Բրիտանիային հարկերի տեսքով: Բացի այդ, Շոտլանդիան անկախանալու դեպքում ստիպված է լինելու հրաժարվել անգլիական ֆունտ սթերլինգից: Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունում հայտարարել են, որ Միացյալ Թագավարության հետ միասնական արժույթի մասին խոսք անգամ լինել չի կարող: Սակայն Շոտլանդիայի կառավարությունը հույս ունի, որ երկիրը կկարողանա պահպանել ֆունտ սթերլինգը:Նման քայլը, փորձագետների կարծիքով, կհանգեցնի լուրջ ֆինանսական հետևանքների: Էդինբուրգն ստիպված կլինի կոշտ տնտեսական ռեժիմ սահմանել, բարձրացնել հարկերը և վարկերի տոկոսային դրույքները: Փորձագետների մեկ այլ խումբ խոստովանում է, որ Էդինբուրգը կկարողանա օգտագործել ֆունտը նույնիսկ առանց Լոնդոնի համաձայնության Պանամայի, Սալվադորի և Էկվադորի օրինակով, որոնք կիրառում են ամերիկյան դոլարն առանց ԱՄՆ թույլտվության: Մեկ այլ տարբերակ է եվրագոտուն միանալը: Բացի այդ, հնարավոր է նաև սեփական արժույթի ստեղծումը:

10.04.2014

Աղբյուրը՝ armedia.am