“Հունաստանը նոր գլուխ է բացել տնտեսական բարեփոխումների գործընթացում”

Աթենքը պատրաստվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցին: Մերկելն այցելելու է Հունաստան այն բանից հետո, երբ երկիրը չորս տարի մեկուսացումից հետո կրկին վերադառնում է պարտատոմսերի շուկա: Մերկելի առաջիկա այցը Հունաստանի ԱԳ նախարար Եվանգելոս Վենիզելոսը գնահատել է որպես ապացույց, որ իր երկիրը վերջնականապես “նոր գլուխ է բացել” տնտեսութունը բարեփոխելու իր ջանքերում, հայտնում է DW-ն: Վարչապետի խոսքերով, իր այցով Մերկելը ցանկանում է աջակցություն հայտնել: Ինչևէ, փորձագետները մտավախություն ունեն, որ երկիրը վերջնականապես դուրս չի եկել տնտեսական ճգնաժամից:

Նշենք, որ Մերկելի այցից ընդամենը երկու օր առաջ Հունաստանում զանգվածային ցույցեր էին սկսվել՝ ուղղված կոշտ տնտեսության քայլերի դեմ: Խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներից մեկի խոսքերով “իրավիճակն այժմ ընդհանուր առմամբ բարդ է”: “Ես անհանգստանում եմ, որ որևէ առաջընթաց չի լինի ոչ երկու տարուց, ոչ նույնիսկ տասը տարուց”, – նշել է ցուցարար ուսանողը:

Ի դեպ, Մերկելի այցից առաջ ոստիկանությունն արգելել է Աթենքի կենտրոնում ցույցեր կազմակերպել: Նման որոշումը պայմանավորված է հատկապես 2012 թվականին տեղի ունեցած դեպքից հետո, երբ Մերկելի այցի ընթացքում 50 հազար մարդ դուրս եկան փողոցներ:

Իր ներկայիս այցի շրջանակներում Մերկելը ծրագրում է հանդիպել Հունաստանի վարչապետ Անտոնիոս Սամարասի հետ, ում ընդդիմությունը վերջին շրջանում ստիպում է հաջորդ ամիս Եվրոպական Խորհրդարանի քվերակության հետ արտահերթ ընտրություններ անցկացնել, գրում է Journal.com-ը: Սպասվում է, որ Գերմանիայի կանցլերը կհայտարարի հունա-գերմանական ներդրումային հիմնադրամի աշխատանքների մեկնարկի մասին:

Գեմանիան շարունակում է ԵՄ երկրների շարքում Հունաստանի ամենախոշոր վարկատուն հանդիսանալ, սակայն բազմաթիվ հույներ դժգոհ են Մերկելի այցից, քանի որ Գերմանիային համարում են երկրում ֆինանսական դժվարությունների գլխավոր մեղավորներից մեկը: Գերմանիայի ղեկավարներն ուշադիր հետևել են Հունաստանի բարեփոխումների ծրագրին: Նախորդ տարվա վերջին մի քանի գերմանացի պաշտոնյաներ քննարկումների համար հաջորդաբար այցելեցին Աթենք: Այժմ՝ մարտի սկզբին Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի բարձր մակարդակով այցից հետո, Մերկելը 18 ամսվա ընթացքում իր երկրորդ այցն է կատարելու Հունաստան: Վերլուծաբանների խոսքերով, Գերմանիայից այցերը պատահական չեն: Նրանց կարծիքով, այժմ Գերմանիայի կառավարությունը հույս է կապում բարեփոխումների շարունակության հետ և ակտիվորեն օգնում է Հունաստանին հասնել կոշտ տնտեսության շրջանակներում իր որդեգրած նպատակներին:

 

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ