ԵՄ. “Սիրական ճգնաժամը պետք է կարգավորվի միայն քաղաքական ճանապարհով”

ԵՄ Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել Սիրիայում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների վատթարացող դրության կապակցությամբ

Լյուքսեմբուրգում ընթացող ԵՄ արտգործնախարարների Խորհուրդը հայտարարություն է արել Սիրիայի վերաբերյալ: ԵՄ արտգործնախարարները “վերահաստատել են, որ սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի միայն քաղաքական ճանապարհով”: “Սիրիայի վարչակազմի կողմից բանակցությունների մշտական խափանումը, ընդդիմադիր բանակցող թիմի անդամներին ահաբեկիչ կոչելը և Ժնևյան կոնյունիկեն չընդունելը հանգեցրին բանակցությունների երկու փուլերի տապալմանը: ԵՄ-ն կոչ է անում սիրիական վարչակազմի վրա ազդեցություն ունեցող երկրներին ճնշում գործադրել նրա վրա բանակցություններում կառուցողական ներգրավում ունենալու համար”, – ասվում է ԵՄ արտգործնախարարների հայտարարության մեջ: Փոխարենը ԵՄ-ն “բարձր է գնահատել Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի գլխավորած պատվիրակության մոտեցումը բանակցությունների ընթացքում և ողջունել է նրանց նվիրվածությունը քաղաքական գործընթացին”: ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը ՄԱԿ-ին և համատեղ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի ջանքերին:

Անդրադառնալով Սիրիայում նախատեսվող ընտրություններին՝ ԵՄ-ն հաստատել է իր դիրքորոշումը, որ “Սիրիայում ցանկացած ընտրություն պետք է տեղի ունենա Ժնևյան կոմյունիկեի շրջանակներում”: “Յուրաքանչյուր ընտրություն՝ նախագահական կամ այլ, որը վարչակազմի կողմից կազմակերպված կլինի այս շրջանակներից դուրս միայն իր կողմից վերահսկվող շրջաններում, կլինի ժողովրդավարության ծաղերգություն, որևէ վստահություն չի ունենա և կխոչընդոտի քաղաքական լուծում գտնելու ջանքերը: ԵՄ-ն կոչ է անում բոլոր երկրներին և կազմակերպություններին, մասնավորապես նրանց, ովքեր մասնակցել են Մոնտրյոյի համաժողովին, ևս նման դիրքորոշում որդեգրել”, – ասվում է փաստաթղթում:

ԵՄ-ն իր խորը մտահոգությունն է հայտնել “բոլոր խոցերի խմբերի և էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների վատթարացող դրության կապակցությամբ՝ նշելով, որ քրիստոնյաներն ավելի հաճախ են ծայրահեղական խմբավորումների թիրախ դառնում”: Եվրամիությունը “կոչ է արել բոլոր կողմերին, հատկապես, սիրիական վարչակազմին, ապահովել քաղաքացիական բնակչության պաշտպանությունը”: ԵՄ-ն նաև բարձր է գնահատել Սիրիայի հարևան երկրների, հատկապես Լիբանանի և Հորդանանի ջանքերը, որոնք “շարունակում են բաց պահել իրենց սահմանները և ապաստան տրամադրել Սիրիայի փախստականներին, այդ թվում նաև պաղեստինցիներին”: “ԵՄ-ն խոստատում է շարունակել իր աջակցությունը Սիրիայի հարևան երկրների կառավարություններին, որ նրանք կարողանան արդյունավետ դիմագրավել փախստականների աճող հոսքին”, – ասվում է ԵՄ Խորհրդի եզրակացության մեջ:

ԵՄ ԱԳՆ ղեկավարները նաև կոչ են արել սիրիական իշխանություններին արագ ավարտել երկրից քիմիական նյութերի դուրսբերումը: “Խորհուրդը կրկին կոչ է անում առանց հապաղման ավարտել քիմիական զենքի դուրսբերումը, որն արդեն հետաձգվել է, և կոչ է անում սիրիական իշխանություններին կատարել իր պարտավորությունները ՄԱԿ-ի ԱԽ-ի 2118 բանաձևի և քիմիական զինանոցի ոչնչացման մասին Քիմիական զենքի արգելման կազմակերպության որոշումների համաձայն”, – ասվում է հայտարարության մեջ: ԵՄ-ն կրկին ընդգծել է, որ “2013 թվականի օգոստոսի 21-ի քիմիական հարձակման մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն”:

15.04.2014