Քննարկում Վանաձորում. Աստանայի տնտեսական ֆորում

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն Հայաստանում Ղազախստանի դեսպանատան օժանդակությամբ Վանաձոր քաղաքի Պետական մանկաարժական համալսարանում կազմակերպել էր “Աստանայի տնտեսական ֆորում” թեմայով խորհրդաժողով: ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Ա. Բոզժիգիտովն իր խոսքում նշեց, որ անկախության կարճ տարիների ընթացքում Ղազախստանը կարողացել է կազմակերպել իր տնտեսության զարգացումը, իր առջև նպատակ է դրել ընդգրկվել աշխարհի 50 զարգացած երկրների թվում և հաջողությամբ հասել է դրան: “Այս տարի Ղազախստանի նախագահը ղազախ ժողովրդին իր ուղերձում երկրի առջև նպատակ է սահմանել մինչև 2050 թվականը ընդգրկվել աշխարհի 30 ամենազարգացած երկրների ցանկում”,- նշել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը: Վերջինիս խոսքով, երկրի տնտեսության զարգացման գրավականը Ղազախստանում հասարակական կյանքի կայունությունն է: Հասարակությունն ընդգրկում է ավելի քան 130 տարբեր ազգությունների ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովի ընթացքում պրն. Բոզժիգիտովը մատնանշել է ինչպես հումանիտար, այնպես էլ կրթական ոլորտներում Հայաստանի և Ղազախստանի միջև զարգացած կապերի առկայությունը: Սակայն, չնայած բարեհաջող ընթացող քաղաքական երկխոսությանն ու երկու երկրների միջև առկա հարաբերություններին, առևտրաշրջանառությունն ու տնտեսական ոլորտը ունեն զարգացման մեծ պոտենցիալ: Դեսպանի կարծիքով այս հարցում առաջընթաց կարձանագրվի ՀՀ-ի ՄՄ-ին անդամակցությունից հետո:

Խորհրդաժողովի շրջանակներում զեկույցով հանդես եկավ ՀՀ-ում Ղազախստանի հանրապետության դեսպանատան առաջին քարտուղար Ժենիս Ումբետովը, ով ներկայացրեց Աստանայի տնտեսական ֆորումի զարգացման փուլերը, ինչպես նաև նա խոսեց 2014 թ. մայիսին կայանալիք ամենամյա տնտեսական ֆորումի կազմակերպմանն ուղղված աշխատանքների մասին: Ումբետովը նշել է, որ 2013 թ.-ին հերթական ֆորումի շրջանակներում Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի երիտասարդ գիտնականներն արժանացել են Աստանայի նոբելյան մրցանակակիրների ակումբի երիտասարդական կրթաթոշակին:

“2012 թ.-ին Աստանայի տնտեսական ֆորումի առաջարկությունները ներկայացվել են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում և բարձր են գնահատվել գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և G20-ի ղեկավարների կողմից”,- ընդգծել է Ումբետովը:

Մարինա Անտոնյանի` “Այլընտրանք” հետազոտական կենտրոնի ղեկավարի տեղակալի զեկույցը նվիրված էր Աստանայի տնտեսական ֆորումի նոր մարտահրավերներին: Զեկուցողը նաև ներկայացրել է այլ միջոցառումներն ու կոնֆերանսները, որոնք նախատեսվում է անցկացնել Աստանայի 7-րդ տնտեսական ֆորումի շրջանակներում 2014թ մայիսին Ղազախստանի մայրաքաղաքում:

ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան ինստիտուտի ֆինանսական շուկաների և մակրոտնտեսական հետազոտությունների բաժնի վարիչ Վիլեն Խաչատրյանը մասնակիցներին ներկայացրել է, թե ինչպես կարելի է դառնալ Աստանայի տնտեսական ֆորումի մասնակից և ներկաներին մանրամասն ծանոթացրել տնտեսական ֆորումի հնարավոր անդամակցության գործընթացին, որը բաց է բոլոր ցանկացողների համար:

ՀՀ Հանրային Խորհրդի ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն իր ներկայացրած զեկույցում մանրամասնորեն ներկայացրել է ՀՀ Մաքսային Միությանն անդամակցության տնտեսական ասպեկտները, ինչպես նաև Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների հետագա հնարավոր խորացման ոլորտները:

Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները, որոնք մասնավորապես վերաբերվում էին Հայաստանի Մաքսային Միության անդամակցության հնարավոր դրական և բացասական հետևանքներին: Ծավալված հետաքրքիր քննարկմանը մասնակցել է ինչպես ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանն, այնպես էլ զեկուցողները:

Նշենք նաև, որ միջոցառումն իրականացվել է “Ղազախստան. արժեքների վրա հիմնված նախաձեռնություններ” ծրագրի շրջանակներում:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ