ԵՄ հետ Ազատ առևտրի համաձայնագրի վրացական հեռանկարները

Ազատ առևրտրի համաձայնագրի կնքման դեպքում Վրաստանի տնտեսական սեկտորում բացասական հետևանքներ չեն ակնկալվում: Այդ մասին ասվում է Վրաստանում ԵՄ ներկայացուցչության տարածած հայտարարության մեջ:

“Համաձայնագրի ստորագրումից և Ազատ առևտրի գոտու մասին դրույթի ուժի մեջ մտնելուց հետո ԵՄ-ից ապրանքնրի ներկրման մաքսատուրքերը զգալիորեն կնվազեն: Ինչ վերաբերում է այլ ապրանքների, ապա ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ազդեցությունը դրանց գների վրա կլինի ոչ թե ուղղակի, այլ միջնորդավորված: Ենթադրվում է,որ Խորը և համապարփակ ազատ առևտրի (ԽՀԱԱ – DCFTA)համաձայնագրի ստորագորումը կունենա դրական ազդեցություն Վրաստանի համար: Երկարաժամկետ կտրվածքով Վրաստանի ՀՆԱ-ն կավելանա 4%-ով: Բացի այդ, սպառողական գների ընդհանուր ինդեքսը կնվազի 0.6%-ով: Այսպիսով՝ Վրաստանի քաղաքացիների գնողունակության մակարդակը միջինում կաճի: ԽՀԱԱ համաձայնագիրը նախատեսում է ապրանքների և ծառայությունների ոլորտի ազատականացման մի շարք քայլեր, մասնավորապես՝ մաքսատուրքերի նվազեցում և ոչ սակագնային արգելքների կրճատում, այդ թվում՝ սանիտարական և բուսասանիտարական, իսկ առևտրում՝ տեխնիկական արգելքները”,- ասված է ԵՄ հայտարարության մեջ:

Բացի այդ, Եվրամիությունը վերահաստատում է, որ ԵՄ հետ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումից հետո վրացի ֆերմերները ստիպված կլինեն անցնել վերապատրաստում և փոխել գործունեությունը:

“ԽՀԱԱ ստորագրման ազդեցությունը տարբեր կլինի տնտեսության տարբեր ճյուղերի վրա: Տնտեսության որոշ ճյուղերի համար այդ ազդեցությունը կլինի դրական, որոշների համար՝ բացասական: Վրաստանում շահեկան վիճակում կլինեն քիմիական արդյունաբերությունը, ռետինի և պլաստմասայի արտադրությունը, մեքենաշինությունը և սարքաշինությունը, ինչպես նաև՝ մետաղագործությունը: Ոչ բարենպաստ վիճակում կհայտնվեն անասնաբուծությունը և մսի արտադրությունը, սննդի արդյունաբերությունը, էլեկտրոնիկայի արտադրությունը և այլ ոլորտներ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է սկսել Վրաստանի գյուղատնտեսության արդիականացում, որն ունի հսկայական պոտենցիալ: Անհրաժեշտ է ներգրավել ներդրումներ և իրականացնել կադրերի վերապատրաստում: Խորը և համապարփակ ազատ առևտր համաձայնագրի ստորագրումը կնպաստի այդ նպատակների իրականացմանը: Առևտրի ազատականացման կամ գլոբալիզացման ցանկացած այլ գործընթացում, անհրաժեշտոթյուն է զգացվում վերաբաշխել աշխատանքային ռեսուրսները”,- նշված է հայտարարության մեջ:

Հունիսին ստորագրվելիք Ասոցացման համաձայնագրից (որը ներառում է նաև ԽՀԱԱ համաձայնագիրը) վրացական հասարակության ակնկալիքները բավականին մեծ են, մասամբ՝ ուռճացված, ինչը հանդիսանում է մի կողմից իշխանությունների կողմից իրականացվող եվրոպական վեկտորի քարոզչության, մյուս կողմից՝ տեղեկացվածության ցածր մակարդակի հետ: ԵՄ ներկայացուցչության տարածած հայտարարությունը թերևս հստակ ներկայացնում է, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ Վրաստանը կարճաժամկետ կտրվածքով որևէ էական առաջընթաց չի գրանցի, քանի որ իրականացվող և ծրագրված բարեփոխումները պահանջում են զգալի ժամանակահատված: Թերևս կարելի է ենթադրել, որ Վրաստանի ներկայիս տնտեսական դժվարությունները և աճող սոցիալական դժգոհությունը, գումարվելով Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո քաղաքացիների սպասումների չիրականացմանը, մոտ ապագայում հնարավոր է դառնան որոշակի սոցիալական ցնցումների հիմք:

Կարևոր է նաև ընդգծել հայտարարության մեջ նշված համաձայնագրի ոլորտային ազդեցության հավանականությունը: Ըստ հայտարարության՝ համաձայնագրի ստորագրումը բարենպաստ կլինի տնտեսության ոչ բոլոր ճյուղերի վրա: Իրավիճակը առավել հստակ պատկերացնելու համար ներկայացնենք Վրաստանի 2013թ-ի ՀՆԱ կառուցվածքը:

Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների ՝ 2013թ-ին ՀՆԱ կառուցվածքն ունեցել է հետևյալ պատկերը՝ առևտրի ոլորտ՝ 17,3%, արդյունաբերություն՝ 17,2% (գերակշռում է գյուղմթերքների վերամշակումը), տարանսպորտ և կապ՝ 10,7%, պետական կառավարում՝ 10,1%, գյուղատնտեսություն և ձկնաբուծություն՝ 9,3%, առողջապահություն և սոցիալական օգնություն՝ 5,8%: Համադրելով այս տվյալները ԵՄ ներկայացուցչության հայտարարությունում հիշատակվող “խոցելի” ճյուղերի հետ՝ հստակ է դառնում, որ վրացական տնտեսությանը համաձայնագրի ստորագրումից հետո սպասվում են ոչ լավ ժամանակներ: Մասնավորապես հիմնական հարվածը լինելու է գյուղատնտեսությանը և գյուղատնտեսական արտադրանքի վրա հիմնվող արդյունաբերությանը, ինչն էապես բարդ իրավիճակի մեջ կդնի վրացական հասարակության զգալի հատվածին (տնտեսական համանման խնդիրներ մինչ օրս ունեն ԵՄ վերջին ընդլայնումների արդյունքում ԵՄ անդամ դարձած այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռումինիան, Բուլղարիան և այլն):

Բացի այդ, հատկանշական է նաև այն հանգամանքը, որ համաձայնագրի ստորագրումը բացասական ազդեցություն կունենա նաև դեպի Ռուսաստան վրացական արտահանումների (գյուղմթերք, ալկոհոլային խմիչքներ) վրա, ինչը եվրոպական շուկայում վրացական արտադրանքի ցածր մրցունակության պայմաններում կմեծացնի Ասոցացման համաձայնագրի բացասական էֆեկտը վրացական տնտեսության վրա:

Այսպիսով՝ կարող ենք ենթադրել, չնայած ԵՄ հայտարարություններին, հունիսին ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Վրաստանին կընձեռնի ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ իր հետ կբերի լուրջ մարտահրավերներ, որոնց հաղթահարման ուղղությամբ իրականացրած ոչ բավարար քայլերը կարող են լուրջ հետևանանքեր ունենալ երկրի համար:

 Նարեկ Մինասյան

Աղբյուրը՝ armedia.am