Սբ. Հարության տոն

“Քրիստոս հարեա՜վ ի մեռելոց:” “Օրհնեա՜լ է Հարությունը Քրիստոսի:” “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ թիմը շնորհավորում է Սբ. Հարության տոնի առթիվ և մաղթում, որ տոնի խորհուրդը լուսավորի բոլորիս ընտանիքները և սիրով, հույսով ու հավատով համակի մեր սրտերը:

Տոնի առթիվ ներկայացնում ենք մեր տեղեկատվական գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ անդրադարձը տոնի նշանակությանը:

Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Զատիկ: Հին կտակարանի Պասեքի տոնը քրիստոնեության մեջ վերածվել է Քրիստոսի հարության տոնի, որը հայոց մեջ հաճախ կոչվել է Զատիկ Հարության: Պասեք բառը, որը հինգերորդ դարի Աստվածաշնչի հայ թարգմանիչները թարգմանել են Զատիկ, ծագում է եբրայերեն բիսախ (բեսախ) բառից, որը նշանակում է անցում, ելք` որպես հիշատակ հրեաների` Եգիպտոսից դուրս գալու և Կարմիր ծովով անցնելու: Զատիկ նշանակում է նաև զատվել, հեռանալ զազիր, անմաքուր խորհուրդներից և դառնալ բարու գործակից, այսինքն խորհրդանշում է անցումը չարից դեպի բարուն, պակասությունից դեպի լիություն, անպիտանությունից դեպի առաքինի վարք:

Զատիկ բառի վերջնական բացատրությունն առ այսօր չկա: Այն մե’րթ մեկնաբանվում է իբրև բիսախ բառի հայերեն թարգմանություն` զատվելու, ազատվելու իմաստով, մե’րթ` իբրև դիցաբանական անուն` սերված հին եգիպտական Սադի, հին հնդկական` Սատի աստծո անունից (Ղ. Ալիշան), երբեմն էլ մեկնաբանվում է երկու նշանակությամբ` և’ որպես զոհ, և’ որպես ուրախության տոն, ազատություն (Հ. Աճառյան):

Իր բարձրագույն իմաստով` Հին ուխտի Պասեքը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին, նրա թափած սուրբ արյունը և հառնումը մեռելների միջից` հանուն Աստծո ժողովրդի փրկության ու ազատության:

Ըստ Հայր Աստծո կամքի և մարգարեությունների` Աստծո Որդին պիտի մարմնանար, չարչարվեր, խաչվեր, թաղվեր և երրորդ օրը հարություն առներ, ինչը և կատարվեց: Քրիստոսը` “Գառն Աստծո”, հեղեց իր սուրբ արյունը ` հանուն մարդկության փրկության, և հարություն առավ` զատվեց մեռելներից` մեզ ևս շնորհելով հավիտենական կյանքի ավետիսը Սուրբ հոգու միջոցով: Ըստ Նոր կտակարանի` խաչյալ և թաղյալ Հիսուսը երրորդ օրը առավոտյան հարություն է առել, երևացել Մարիամ Մագդաղենացուն, ապա առաքյալներին` Պետրոսին, Հովհաննեսին և մյուսներին Երուսաղեմում: Ութ օր հետո դարձյալ հայտնվել է աշակերտներին` Թովմասին հավատքի մեջ հաստատելու համար: Երրորդ անգամ հարուցյալ Հիսուսը աշակերտներին երևացել է Գալիլիայում, ծովեզերքին: Քառասուն օրերի ընթացքում նա հայտնվել է շատերին, ապա Ձիթենյաց լեռան վրա համբարձվել երկինք:

Մինչև զատիկը լինում է Պահք (քառասնօրյա պաս), որը սկսվում է Բուն Բարեկենդանին հաջորդող երկուշաբթի օրվանից:

Զատիկի նախընթաց երեկոյան եկեղեցում կատարվում է Ճրագալույց: Որպես բեղմնավոր կյանքի, փրկության և ուրախության խորհրդանշան` ներկվում է կարմիր ձու (հավկիթ): Գրիգոր Տաթևացին ձուն համարել է աշխարհի խորհրդանշանը. դրսի կեղևը` երկինքը, թաղանթը` օդը, սպիտակուցը` ջուրը, դեղնուցը` երկիրը: Իսկ կարմիր ներկելը նշանակում է, թե ամբողջ աշխարհը փրկագնվել է Քրիստոսի արյունով:

Ենթադրվում է նաև, որ ձվի գործածությունը հրեաներից է փոխանցվել քրիստոնյաներին, որովհետև Պասեքի տոնի սեղանին զատկական գառան մսի հետ միասին դրվել է նաև խաշած ձու: Ըստ ավանդություններից մեկի` Մարիամ Մագդաղենացին մեկնել է Հռոմ` քարոզելու:

Ներկայանալով Տիբերիոս կայսրին` նրան նվիրել է կարմիր ձու և ավետել. “Քրիստոս հարյավ ի մեռելոց”:

Զատիկի օրը վաղ առավոտյան սկսվում է ժամերգությունը, որի ավարտին ընթերցվում են հատվածներ չորս Ավետարաններից, երգվում շարականներ, կատարվում է անդաստան, ապա սկսվում է Պատարագը: Հավատացյալները միմյանց ողջունում են “Քրիստոց հարյավ ի մեռելոց” ավետիսով և ստանում “Օրհնյալ է հարությունը Քրիստոսի” և “Փառք Քրիստոսի ամենազոր հարության” պատասխանները: Զատիկի հաջորդ օրը լինում է մեռելոց. Հիսուսի հարության ավետիսը հայտնվում է նաև ննջեցյալներին, որոնք ևս պետք է հառնեն Փրկչի Երկրորդ գալստյան ժամանակ:

Հայ եկեղեցին զատիկը տոնում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը (35 օրվա շարժականությամբ, մարտի 21-ից հետո` մինչև ապրիլի 26-ը):

Զատիկները չորսն են, և բոլորն էլ Աստված է սահմանել: Առաջինը կոչվում է Արարչական զատիկ, երկրորդը` Օրինադրական, երրորդը` Փրկական, իսկ չորրորդը` Նորոգման:

Արարչական զատիկն այն է, որ Աստված գարնանային գիշերահավասարից երկու օր անց` ուրբաթ օրը, արարեց Ադամին և նրան` որպես եռակի պարգև, տվեց զատկական հանդերձները` քահանայությունը, մարգարեությունը և թագավորությունը: Եվ որպեսզի զատկական ուրախությունը կատարյալ լինի, տվել էր նաև երկինքը` իր լուսատուներով, Դրախտը` իմանալի տնկիներով, օդը` քաղցրանվագ թռչուններով, երկիրը` զանազան կենդանիներով, և ծովի ջրերը` իրենց բնակիչներով: Այս զատիկն ուներ չորս առանձնահատկություն. նախ, որ գիշերահավասարից հետո էր, երկրորդ` արեգակը գտնվում էր Խոյի համաստեղությունում, որը կենդանակերպերից առաջինն էր, երրորդ` ամիսը նիսան էր, որն ամիսների ու տարվա սկիզբն է, և չորրորդ` լիալուսին էր: Աստված այդ մշտնջենական զատիկը տվեց Ադամին, որպեսզի նրա ուրախությունը վախճան չունենա, սակայն Ադամն այն իսկույն կորցրեց, այդ պատճառով էլ Աստված չուրախացավ առաջին զատկով:

Երկրորդը Օրինադրական զատիկն է: Սա եղավ այն ժամանակ, երբ Աստված Իսրայելի որդիներին, Մովսեսի առաջնորդությամբ, մարմնավոր ու ժամանակավոր գերությունից ազատեց և առաջնորդեց դեպի Ավետյաց երկիր: Այս զատիկը նույնպես ուներ Արարչական զատկի չորս առանձնահատկությունները: Այս զատկով Աստված Իսրայելի որդիներին ազատեց չորս արհավիրքներից. նախ` փարավոնի գերությունից, երկրորդ` չթողեց, որ նրանք խորտակվեն ծովում, երրորդ` անապատի ահագնությունից, ուր օձերն ու կարիճները խայթում ու կծոտում էին նրանց, և չորրորդ` յոթ հզոր ազգերից, որոնց հրեաները հաղթեցին և տիրացան նրանց ժառանգությանը: Եգիպտական գերությունից Իսրայելի մարմնավոր ազատությունը խորհրդանշում է ամբողջ մարդկության հոգևոր ազատությունը, ինչը կատարվեց Քրիստոսով` Փրկական զատկին: Այստեղ Մովսեսը խորհրդանշում է Քրիստոսին, նրա գավազանը` Քրիստոսի խաչը, Կարմիր ծովը` դժոխքը, ծովի ճեղքվելը` դժոխքի ավերվելը, ծովից Իսրայելի որդիների դուրս ելնելը` մարդկանց հոգիների դժոխքից դուրս ելնելը, փարավոնի` ծովում ընկղմվելը` սատանայի կործանումը, իսկ Իսրայելի որդիների գնալը դեպի Քորեբ լեռը` հոգիների երկինք բարձրանալը:

Երրորդը մեր Փրկչի Փրկական զատիկն է, երբ տերը կամովին մատնեց Իր Անձը չարչարանքների, բևեռվեց խաչին և իր մահվամբ ու հրաշափառ հարությամբ ազատեց մեզ: Այս զատիկը ևս ունի Արարչական զատկի չորս առանձնահատկությունները: Այս զատկով Քրիստոս Ադամի որդիներին ազատեց չորս արհավիրքներից. նախ` Իր մահվամբ ու հարությամբ` մեղքերի մահից, երկրորդ` հոգիներին ազատեց դժոխքից ու սատանայի իշխանությունից, իսկ արժանավորներին բարձրացրեց դեպի արքայության լույսը, երրերդ` ազատեց մեզ Օրենքի անեծքից և տվեց Շնորհի օրենքը, չորրորդ` ազատեց անգիտության խավարից, անհուսությունից և տվեց աստվածպաշտության լույսը:

Քանի որ Քրիստոսի Վերջին ընթրիքը, մատնությունը, խաչելությունը, թաղումը և հարությունը տեղի ունեցան հրեական, այսինքն` Օրինադրական զատկի տոնին, այդ պատճառով էլ քրիստոնեական, այսինքն` Փրկական զատիկը փոխարինեց նախորդին:

Չորրորդը Նորոգության զատիկն է, որը լինելու է աշխարհի վախճանին: Ըստ առաքյալների խոսքի` Տերը նորոգելու է մեր խոնարհ մարմինը, որպեսզի այն կերպարանակից լինի Իր փառավոր մարմնին: Ապա մեր հոգին ազատվելու է տգիտությունից ու ատելությունից և անխզելիորեն կապվելու է Իր սիրույն. ինչպես մարմնի անդամներն են սիրով միացած մարմնին, այնպես էլ մենք սիրով միանալու ենք Քրիստոսին: Ազատելու է տրտմությունից և ուրախացնելու է երկնային փառքում: Մեր մարմնին տալու է ազատություն ու զորություն` ազատելով թանձր ծանրությունից և դարձնելով նուրբ ու թեթև:

Չորս զատիկներից առաջին երկուսն արդեն գտել են իրենց վախճանը, երրերդը գնում է դեպի վախճան, իսկ չորրորդը սկիզբ է առնելու ապագայում և հավիտյան անվախճան է լինելու, քանզի լինելու է անեզր ազատություն, անվախճան կյանք և հավիտենական խնդություն:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ