Երկխոսություն “ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն” պայմաններում

Չնայած 1994 թվականին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի՝ ղարաբաղյան հակամարտության կողմերի տարբեր հատվածներում շարունակվում է փոխհրաձգությունը, մարդիկ շարունակում են մահանալ, իսկ “ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն” վիճակն առավել պատերազմ է հիշեցնում, սակայն առանց ակտիվ ռազմական գործողությունների:

Սահմանները փակ են, հակամարտության կողմերի միջև փաստացի ոչ մի շփում չկա:

Սակայն որքա՞ն կարող է շարունակվել այս իրավիճակը: Որքա՞ն կարելի է ապրել հարևանությամբ և սահմանից այն կողմ գտնվող մարդկանց նայել հրաձգության, դիմակայության, ամենօրյա “պատերազմի” պրիզմայով, որին ավելանում է նաև հակամարտության կողմերի պաշտոնական քարոզը: Այս հարցերի շուրջ խորհելու և հասկանալու դեպքում, որ ատելությունը ինքնակործանիչ զգացողություն է, և որ հարևաններից ոչ մեկին չեն տեղափոխի Մարս ու նրանց հետ պետք է շարունակել շփվել, թեկուզ նրա համար, որ հաջորդ սերունդները չմահանան հերթական պատերազմում, վերագնահատում է ծնվում, որն ստիպում է ելք փնտրել նույնիսկ “ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն” պայմաններում:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն (Երևան) “Հումանիտար հետազոտությունների հանրություն” (Բաքու), “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” (Ստեփանակերտ) հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ և ՀՀ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացնում է “Միասին 2″ ծրագիրը, որի բաղադրիչներից մեկը հանդիսանում է հայ և ադրբեջանցիների երիտասարդների միջև երկխոսության ծավալումը՝ չնայած փակ սահմանին: “Միասին 2″ ծրագրի շրջանակներում 2013 թվականի հոկտեմբերին սկսեցին անցկացվել Skype կոնֆերանսներ , որոնք կապ էին հաստատում Երևանի, Բաքվի, Ստեփանակերտի, Իջևանի Ղազախի, Մարտակերտի, Նաֆթալանի երիտասարդների ներկայացուցիչների միջև: Երիտասարդները երբեմն պարզ հարցեր էին բարձրացնում, օրինակ, “Իսկ ձեզ ի՞նչն է հետաքրքիր սահմանից այն կողմ”, երբեմն՝ բավական սուր. “Արդյո՞ք դուք պատրաստ ենք ներողություն խնդրել այն ամենի համար, ինչ արել եք”, երբեմն՝ փիլիսոփայական. “ինչո՞ւ մենք կարողանում ենք ընկերություն անել այլ վայրերում, երրորդ երկրներում, սակայն չենք կարողանում մեր տարածաշրջանում” կամ “մեր նախագահաները հանդիպում են, սակայն դրանից առաջ գործը չի գնում: Արդյո՞ք ընդամենը երկու մարդ կարող են լուծել այս հակամարտությունը”: Ապրիլի 18-ին անցկացվեց “Միասին 2″ ծրագրի շրջանակներում վերջին Skype կոնֆերանսը, որը կապ հաստատեց Երևանի, Բաքվի և Ստեփանակերտի միջև: Երիտասարդները քննարկեցին միմյանց մասին ունեցած հոգեբանական պատկերացումը և դրանց վերափոխման հնարավորությունները, ինչպես նաև խոսեցին ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատման մասին համաձայնագրի 20-րդ տարվա և այդ կապակցությամբ համատեղ ակցիաներ կազմակերպելու հնարավորության մասին:

Նշենք, որ քննարկման մասին առավել մանրամասն հնարավոր կլինի կարդալ “Արմեդիա” ՏՎԳ-ի (www.armedia.am), ինչպես նաև “Միասին” ծրագրի մեդիագործընկերների կայքերում. www.karabakh-open.info և www.3view.az:

Աղբյուրը՝ armedia.am