ԼՂ հակամարտություն. “Խավարն անվերջ քննադատելու փոխարեն ավելի լավ է գոնե մեկ մոմ վառել”

“Աստված ստեղծել է մարդկանց՝ նպատակ չունենալով բաժանել նրանց, սակայն այսօր շատերը հայտնվել են բարիկադի տարբեր կողմերում՝ մոռանալով մեր նմանությունների մասին և կրակելով միմյանց վրա: Ես բազմիցս մտածել եմ՝ արդյո՞ք ճիշտ եմ վարվում՝ մասնակցելով նման ծրագրերի, և արդյո՞ք առհասարակ պետք է այն, ինչ ես անում եմ: Եվ, իհարկե, հանգում եմ այն եզրակացության, որ երկխոսությունները պետք են. դրանք օգնում են միմյանց հասկանալ, միավորվել: Մեզ պետք է խաղաղություն ոչ այն պատճառով, որ մենք չենք կարողանում պատերազմել, այլ այն, որ մենք չենք ցանկանում տեսնել մեր որդիների մահը: Գուցե այս հանդիպումից հետո լուրջ փոփոխություններ տեղի չունենան, սակայն սա փոքրիկ քայլ է երկար ճանապարհին”: Ղարաբաղում ծրագրի կազմակերպիչներից մեկի (“Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” ՀԿ նախագահ Իրինա Գրիգորյան) այս խոսքերով մեկնարկեց “Միասին 2″ խաղաղասիրական ծրագրի շրջանակներում կազմակերպված վերջին Skype կոնֆերանսը` Երևանի, Բաքվի և Ստեփանակերտի փորձագետների ու երիտասարդ ակտիվիստների միջև: Կոնֆերանսի շրջանակներում հայաստանցի, արցախցի և ադրբեջանցի երիտասարդները խոսեցին երկու թեմայի շուրջ. 1. Մեր պատկերացումները միմյանց մասին. հոգեբանական բնութագիր և դրա վերափոխման հնարավորությունները, 2. Հրադադարի հաստատման մասին համաձայնագրի 20-րդ տարին. հնարավոր համատեղ միջոցառումներ, “Միասին մենք կփոխենք տարածաշրջանն” ընդհանուր կարգախոսի ներքո գաղափարներ:

Խոսելով առաջին թեմայի շուրջ՝ ծրագրի մասնակիցները երեք կողմից էլ գերազանցապես համակարծիք էին այն հարցերում, որ մարդուն պետք է գնահատել ելնելով ոչ թե նրա ազգային պատկանելությունից, այլ մարդկային արժեքներից, և ընդգծեցին, որ միմյանց նկատմամբ թշնամական տրամադրվածություն չունեն: Քննարկելով հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակները՝ երիտասարդները կարծիք հայտնեցին, որ խնդրի կարգավորումն առավելապես կախված է իշխանություններից, որ պետք է նախ պետությունների քաղաքականությունը փոխվի, պետք է ավելանան կողմերի միջև շփումներն ու երկխոսությունները: Կարծիք հնչեց, որ հավաքվածներից յուրաքանչյուրը ևս կարող է իր ներդրումն ունենալ խնդրի կարգավորման մեջ` թեկուզ կոչով դիմելով կառավարություններին, ցույց տալով նման ծրագրերի արդյունքները և ապացուցելով, որ երկխոսությունն իսկապես հնարավոր է:

Ինչևէ, Ստեփանակերտից մասնակիցներից մեկը հակասեց ավելի վաղ հնչած կարծիքներին՝ ասելով, որ “այսօր ընկերությունը հնարավոր չէ”: “Իհարկե, ուրախ եմ, որ Ադրբեջանում ձեզ նման մարդիկ կան, սակայն ձեր երկրի ղեկավարությունն այլ դիրքորոշում ունի”, – ընդգծեց նա: Ի պատասխան այս տեսակետի՝ Բաքվից նշեցին, որ ոչ ոք չի խոսում ընկերության մասին, այլ նրա, թե ինչպես կարելի է երկխոսության եզրեր գտնել. “Մենք այսօր չենք խոսում քաղաքականության լեզվով, մենք խոսում ենք հասարակ քաղաքացիների լեզվով: Մենք գիտենք՝ ինչն է մեզ բաժանում, մենք պետք է խոսենք այն մասին, թե ինչը կարող է մեզ միավորել”:

Ծրագրի հայաստանյան կազմակերպիչներից մեկն ընդգծեց, որ խավարն անվերջ քննադատելու փոխարեն ավելի լավ է գոնե մեկ մոմ վառել: Ուստի, ըստ նրա, այսօր պետք է ոչ թե համակերպվել գոյություն ունեցող իրականության հետ, այլ թշնամու կերպարի վերափոխման առաջարկներ անել: Ինչ վերաբերում է հրադադարի հաստատման մասին համաձայնագրի 20-ամյակին նվիրված հնարավոր համատեղ միջոցառումներին, ապա այս թեմայի շրջանակներում մասնակիցների միջև ևս բավական ակտիվ քննարկում ծավալվեց: Նրանցից շատերը հանդես եկան տարբեր առաջարկներով: Առաջարկվեց համատեղ միջոցառումներ իրականացնել ինչպես տնտեսական,այնպես էլ մշակութային ոլորտներում, կազմակերպել սպորտային միջոցառումներ, ամառային ճամբարներ, “Միասին” ծրագրի շրջանակներում երկու տարվա ընթացքում հավաքված նյութերի ցուցահանդես: Առաջարկվեց համատեղ ուղերձ հղել իշխանություններին կամ, օրինակ, ստեղծել համատեղ նոր ճաշատեսակի բաղադրատոմս, որը կկոչվի “Խաղաղություն”: Որպես առավել խորն ու երկարաժամկետ քայլ՝ առաջարկվեց փոխել մեր իսկ գիտակցությունը, անել այնպես, որ հաջորդ սերունդներն այլ կերպ մտածեն, որ ամեն անգամ նույն “ծառը տնկելու փոխարեն ավելի լավ է այլ ծառ տնկել ու նոր բերք հավաքել”: Մասնակիցներն ընդգծեցին, որ պետք է հրաժարվել զենքից և անցնել երկխոսության: Վերջում Ստեփանակերտից հնչեց կարծիք, որ մենք կարող ենք գոնե հակառակորդ լինել, բայց ոչ թշնամի:

“Միասին-2″ ծրագիրը, որը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ համատեղ իրականացնում են “Եվրոպական ինտեգրացիա” (Երևան), “Հումանիտար հետազոտությունների հանրություն” (Բաքու) և “Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” (Ստեփանակերտ) հասարակական կազմակերպությունները, հնարավորություն է ընձեռում երկխոսություն սկսել սահմանամերձ շրջանների երիտասարդների միջև: “Միասին 2″ ծրագրի շրջանակներում 2013 թվականի հոկտեմբերից մեկնարկել են բազմակողմ Skype կոնֆերանսներ, որոնք Երևան-Բաքու-Ստեփանակերտ, Իջևան-Ղազախ, Մարտակերտ – Նաֆթալան ձևաչափերով վիրտուալ կապի հնարավորություն են տվել նշված քաղաքների երիտասարդներին: Նշենք, որ ծրագրի շրջանակներում կազմակերպված քննարկումներին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ ոչ միայն “Արմեդիա” ՏՎԳ-ի (www.armedia.am), այլև “Միասին” ծրագրի մեդիագործընկերների կայքերում. www.karabakh-open.info և www.3view.az:

Աղբյուրը՝ armedia.am