Ասոցացման համաձայնագիրը չի հակասում Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը

“Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր կնքելը չի հակասում Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը”, – հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը Վրաստան այցի ժամանակ:

Արտգործնախարարը նշել է, որ իրենց այցի նպատակը ևս մեկ անգամ իրենց աջակցությունը Վրաստանին Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախաշեմին հայտնելն է: Նա հայտարարել է, որ մի քանի շաբաթ անց Վրաստանը կստորագրի Ասոցացման համաձայնագիրը, և հույս է հայտնել, որ այդ համաձայնագիրը բոլոր կողմերին էլ օգուտ կբերի: Լորան Ֆաբիուսի խոսքերով, Եվրամիությունը դեմ չէ, որ այս փաստաթուղթը ստորագրած երկրները տնտեսական հարաբերություններ զարգացնեն որևէ այլ երկրի՝ մասնավորապես Ռուսաստանին հետ:

“Իհարկե, Ուկրանիայի իրադարձություններից հետո Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները վատթարացել են, սակայն խնդիրները պետք է հաղթահարել”, – ասել է Ֆրանսիայի արգործնախարարը:

Նա ևս մեկ անգամ նշել է, որ ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և մաղթել է, որ վիճելի տարածքների շուրջ խնդիրները լուծվեն միայն խաղաղ ճանապարհով: Ֆաբիուսը նաև շնորհակալություն է հայտնել վրաց զինվորներին Եվրամիության խաղաղապահ առաքելություններին ակտիվ մասնակցություն ունենալու համար:

Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Վրաստան էին ժամանել Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները: Այս կապակցությամբ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն նշել է, որ այս երկու երկրների արտգործնախարարների այցը ևս մեկ անգամ հաստատում է նրանց աջակցությունը Վրաստանի՝ եվրոպական և եվրաատլանտյան ձգտումներին:

“Ֆրանսիան և Գերմանիան՝ որպես Եվրամիության հիմնադիր երկրներ, ժամանակին շատ համարձակ և պատմական քայլեր են արել ազատ և խաղաղ Եվրոպա ստեղծելու նախագծի համար: Այդ նախագիծը դեռ ավարտված չէ: Կարծում եմ, որ հենց Ֆրանսիան ու Գերմանիան կշարունակեն այդ պատմական առաքելության իրականացումը և ակտիվորեն կշարունակեն աջակցել Վրաստանին՝ եվրոպական ընտանիք մուտք գործեելու ճանապարհին”, – հայտարարել է Մայա Փանջիկիձեն:

Երևի թե ոչ ոքի համար նորություն չէ Վրաստանի եվրոպական ձգտումները և ցանկությունը՝ հնարավորինս շուտ ստորագրել Ասոցացման համաձայագիրը և հաստատուն քայլերով առաջ ընթանալ եվրոպական ընտանիքի անդամ դառնալու ճանապարհով: Այս պարագայում հետաքրքիր էր Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը առ այն, որ Ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրները կարող են տնտեսական հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի հետ, քանի որ դրանք միմյանց չեն հակասում: Իսկ ի՞նչ ի նկատի ունի նա տնտեսական հարաբերություններ ասելով: Կարծես թե` այն չի կարող լինել Մաքսային միության շրջանակներում, քանի որ բազմիցս նշվել է, որ Խորը և Համապարփակ Ազատ Առևտրի գոտին հակասում է Մաքսային միության անդամակցությանը:

Աղբյուրը՝ armedia.am