Շոտլանդիան դառնալու է ԵՄ ապագա անկյունաքարերից մե՞կը

Անկախ Շոտլանդիան լինելու է “Եվրոպական միության անկյունաքարերից մեկը”, այս մասին այսօր երեկոյան կհայտարարի Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը: Շոտլանդիայի ազգային կառավարության ղեկավարը հիմնական ուշադրությունը սևեռելու է էներգետիկ անվտանգության ոլորտում իր երկիրն առաջ մղելու վրա: “Ամենամեծ խնդիրներից մեկը, որին բախվում է Եվրոպան, էներգետիկ անվտանգությունն է: Այս հարցում Շոտլանդիան օրհնված է: Մենք առանցքային դեր ունենք Եվրոպայի համար էներգետիկ անվտանգության ապահովման և ցածր ածխածնային տեխնոլոգիաների մշակման տեսանկյունից, որոնց կարիքն աշխարհը շուտով ունենալու է”, – Սալմոնդը պատրատվում է հայտարարել, հայտնում է EUobserver-ը:

Նա նաև կմատնանշի Շոտլանդիայի տնտեսական ուժը՝ հայտարարելով, որ “որպես ամենահարուստ երկրներից մեկը՝ Շոտլանդիան մաքուր ֆինանսական ներդրում է հանդիսանում ԵՄ-ում և այդպիսին կմնա նաև առանձին անդամի կարգավիճակում”:

Նշենք, որ Սալմոնդի այցը Բրյուգե և Բրյուսել, որտեղ ինքը հանդիպելու է ԵՄ պատոնյաների հետ, սեպտեմբերի 16-ին կայանալիք անկախության մասին հանրաքվեից առաջ իրականացվող արշավի վերջին փուլերից է:

Ինչևէ, վարկանիշային խոշորագույն Standard & Poor’s գործակալությունը կանխատեսում է, որ եթե կայանալիք հանրաքվեին շոտլանդացիները կողմ քվեարկեն Մեծ Բրիտանիայից անկախանալուն, շոտլանադական բանկերը սննկանալու վտանգի տակ են հայտնվում, ինչպես դա տեղի ունեցավ Իսլանդիայի հետ, որտեղ պետությունը չի կարող ֆինանսական օգնություն տրամադրել պարտքերի մեջ խրված բանկային համակարգին: Գործակալությունը նաև նշում է, որ եթե Շոտլանդիան միանա Մեծ Բրիտանիայի արժութային համակարգին, ապա աջակցություն կստանա Անգլիայի բանկի կողմից: Սակայն եթե շրջանը եվրոն դնի շրջանառության մեջ, երկիրը պետք է իր դեպոզիտային համակարգեր մշակի:

Բացի այդ, Royal Dutch Shell նավթային ընկերությունն ընդգծել է, որ Շոտլանդիայի անկախությունը բացասական ազդեցություն կունենա բիզնեսի վրա, իսկ Standard Life ապահովագրական ընկերության ղելավար Դևիդ Նիշը հայտարարել է, որ ինքը պատրաստվում է դուրս բերել իր բիզնեսն այդ շրջանից, եթե Շոտլանդիայի բնակիչները կողմ քվեարկեն անկախությանը:

Արմինե Հարությունյան