Ինչու՞ է ԱՄՆ-ն համարվում մայիսի 1-ի հայրենիքը

Մայիսի 1-ը ծագել է 19-րդ դարի վերջին՝ շնորհիվ աշխատանքային շարժման: 1886 թվականի մայիսի 1-ին Կանադայում և ԱՄՆ-ում աշխատավորների կողմից կազմակերպված ցույցեր տեղի ունեցան: Նրանք պահանջում էին աշխատանքային օրը դարձնել ութ ժամ: Աշխատավորների գործադուլը և դրան ուղեկցող ցույցն ավարտվեցին ոստիկանության հետ արյունահեղ բախումներով: Այդ ժամանակից ի վեր մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատավորների միջազգային օր:

1889 թվականի հուլիսին Փարիզի կոնգրեսը, ի նշան աջակցության ԱՄՆ և Կանադայի աշխատավորների ցույցերին, որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել: Աշխատավորների միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1890 թվականին Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և որոշ այլ երկրներում: Բացի Աշխատավորների օրից, մայիսի 1-ը հայտնի է նաև մի շարք այլ իրադարձություններով: Ահա դրանցից մի քանիսը. 1786 թվականի մայիսի 1-ին տեղի է ունեցել “Ֆիգարոյի ամուսնությունը” օպերայի պրեմիերան: Մայիսի 1-ին Ռուսաստանում սկսել են կառուցել առաջին երկաթգիծը: Դա տեղի ունեցավ 1836 թվականին: Ասում են, որ հենց մայիսի 1-ին Չիկագոյում սկսվեց ամենաառաջին “երկնաքերի” կառուցումը: Դա տեղի ունեցավ 19-րդ դարի վերջին, իսկ շենքի բարձրությունը 42 մետր էր (10 հարկ): 1926 թվականին գերմանական Deutsche Luft Hansa ավիաընկերությունն իրականցրեց աշխարհում առաջին գիշերային ուղևորատար չվերթը (Բեռլին – Քյոնիքսբերգ): 1967 թվականին այս օրն ամուսնացել են Էլվիս և Պրիսցիլա Պրեսլիները: 2004 թվականին հենց մայիսի 1-ին զգալիորեն ընդլայնվեց ԵՄ կազմը: Նրա կազմի մեջ մտան Հունգարիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Մալթան, Լեհաստանը,Սլովակիան, Սլովենիան, Չեխիան և Էստոնիան:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ