Աշխարհի ամենաերջանիկ երկրները հուշում են երջանկության բանաձևը

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (Organisation for Economic Cooperation and Development) կազմել է աշխարհի ամենաերջանիկ արդյունաբերական երկրների ցանկը, որն արդեն 4 տարի շարունակ գլխավորում է Ավստրալիան: Նրան հաջորդում են Նորվեգիան և Շվեդիան: Երջանիկ երկրների տասնյակի մեջ են մտնում նաև Դանիան, Կանադան, Շվեյցարիան, ԱՄՆ-ը, Ֆինլանդիան, Նիդերլանդները և Նոր Զելանդիան:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը միջազգային կառույց է, որը միավորում է բարձր եկամուտ ունեցող զարգացած երկրներին և դասակարգում նրանց 11 տարբեր չափանիշների համաձայն, որոնք կազմակերպությունն անհրաժեշտ և կարևոր է համարում երջանիկ կյանքի համար, գրում է CNN-ը: Աղյուսակը կազմելիս կազմակերպության մասնագետներն ուշադրություն են դարձրել այս երկրների այնպիսի ցուցանիշների վրա, ինչպիսիք են եկամուտները, հարստությունը, քաղաքացիական ներգրավվածությունը, առողջապահությունը, կրթությունը, շրջակա միջավայրի որակը, անձնական անվտանգությունը և կյանքից ընդհանուր բավարարվածությունը:

Հետազոտության համար օգտագործվել են գիտական ուսումնասիրություններ՝ պարզելու համար, թե մարդկանց հատկապես ինչն է երջանիկ դարձնում: Հարցման ժամանակ մարդկանց թույլ են տվել որոշել, թե որ չափանիշներն են նրանք առավել կարևոր համարում: Պարզվել է, որ երջանիկ լինելու ամենակարևոր գործոնը կյանքից բավարարված լինելն է, հետո նոր միայն առողջապահությունը և կրթությունը:

Զեկույցի հեղինակները նաև նշում են, որ հարցման արդյունքները տարբերվում են կապված բնակավայրի, ինչպես նաև տարիքային և սեռային տարբերությունների հետ: Օրինակ, Ճապոնիայում մարդիկ կարծում են, որ երջանիկ լինելու ամենակարևոր նախապայմանն անձնական անվտանգությունն է, իսկ Լատինական Ամերիկայում առաջնային է համարվում կրթության որակը:

Կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն գրեթե բոլոր ավստրալացիների կյանքի որակը միջինից բարձր է: Ավստալացիների կարծիքով ամենաարժեքավորը աշխատանքի և անձնական կյանքի միջև ճիշտ ներդաշնակությունն է:

Արփինե Հովսեփյան