ԳԵՐՄԱՆԻԱ-ՉԵԽՒԱ. 1000 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Չեխիա պետական այցի ընթացքում այցելել է Թերեզին նախկին նացիստական համակենտրոնացման ճամբար, հայտնում է BBC-ն: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այնտեղ սպանվել է 35 հազար մարդ: Ավելի քան հարյուր հազարին Թերեզինից տեղափոխել են Աուշից մահվան ճամբար, որը գտնվում էր Լեհաստանի տարածքում: Յոահիմ Գաուկը և նրա չեխ գործընկեր նախագահ Միլոզ Զեմանը ծաղկեպսակներ են դրել՝ ի հիշատակ նացիզմի զոհերին: Ե՛վ Գաուկը, և՛ Չեխիայի նախագահ Զեմանը բարձր են գնահատել իրենց երկրների միջև ներկայիս տաք և սերտ հարաբերությունները: Զեմանն ընդգծել է, որ իր երկիրը փոխել է քաղաքական վեկտորը՝ ուղղվելով դեպի պրոեվրոպական քաղաքականություն:

Այցի շրջանակներում Գաուկը ելույթ է ունեցել Պրահայի համալսարանում, հայտնում է radio.cz-ն: Ուսանողների և դասախոսների առջև ունեցած իր ելույթում նա Հիտլերի կողմից Չեխոսլովակիայի բռնազավթումը, ինչպես նաև նախագահ Բենեշի հետպատերազմյան հրամանագրերը, որոնց հետևանքով երկրից արտաքսվեցին գերմանացիները, “պատմության տխուր հատված” է անվանել:

Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ ճաշի ընթացքում Գաուկը հիշեցրել է, որ Գերմանիային և Չեխիային 1000 տարվա ընդհանուր պատմություն է միավորում: Գերմանիայի կողմից սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով “քաղաքակրթության փլուզումը” քայքայեց այդ յուրահատուկ համակեցությունը: Միայն այն ժամանակ, երբ Եվրոպայի բաժանումը հաղթահարվեց ավելի քան 20 տարի առաջ, բարեկամական հարաբերությունները կրկին հնարավոր դարձան:

Գերմանիայի նախագահը շնորհակալություն հայտնեց չեխ պատմաբաններին, գրողներին և հասարակական գործիչներին նրա համար, որ վերջիններս հիշում են ոչ միայն պատերազմի մասին, այլև Չեխոսլովակիայից ազգությամբ գերմանացիների արտաքսման: Յոահիմ Գաուկը նաև ասել է, որ Չեխիան և Գերմանիան (ավելի ստույգ, դրա արևելյան հատվածը) միավորում է ընդհանուր կոմունիստական անցյալը, որին երկու երկրները կարողացել են պատվով հրաժեշտ տալ: Այդ իսկ պատճառով, Գերմանիայի նախագահի կարծիքով, այժմ գերմանացիները և չեխերը պատասխանատու են հանդիսանում, որ Եվրոպայում այլևս երբեք բռնություն տեղի չունենա:

07.05.2014