Ընդունվում են 2014թ. նոյեմբերի 20-21-ը Թբիլիսիում կայանալիք ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի 6-րդ համաժողովի մասնակցության հայտերը

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Ղեկավար կոմիտեն (ՂԿ) շահագրգիռ բոլոր կողմերին հրավիրում է ՔՀՖ 6-րդ համաժողովի մասնակցության հայտեր ներկայացնել։ Դա համաժողովի մասնակիցների ընտրության պարտադիր գործընթաց է։

 ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ամենամյա համաժողովներն առանցքային նշանակություն ունեցող միջոցառումներ են, որ անցկացվում են ամեն տարի՝ 2009 թվականից ի վեր։ Այն հարթակ է՝ ընդհանուր առմամբ Արեւելյան գործընկերությանը, Ֆորումի ձեռքբերումներին եւ տարածաշրջանում բարեփոխումների իրականացման մեջ քաղաքացիական հասարակության ներդրմանը վերաբերող քննարկումների համար։

 ՔՀՖ ամենամյա համաժողովը մեկտեղում է Եվրամիության եւ ԱլԳ երկրների՝ շուրջ 200 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) եւ շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչների։

 Այս տարի Ֆորումի համաժողովի կազմակերպումն իրականացվում է Եվրամիության եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

 Ֆորումի մասնակցության առցանց հայտը կարող եք լրացնել այստեղ։ Հայտն անհրաժեշտ է լրացնել անգլերեն կամ ռուսերեն լեզուներով եւ ուղարկել ոչ ուշ, քան 2014թ. հունիսի 8-ի գիշերվա ժամը 12-ը (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով)։ Հայտերի ներկայացմանը վերաբերող բոլոր հարցերը կարող եք ուղարկել հետեւյալ էլեկտրոնային հասցեով՝ applications@eap-csf.eu։

Ֆորումի համաժողովի մասնակիցների եւ դիտորդների ընտրության ընթացակարգը

 Քաղաքացիական հասարակության ֆորումը բաց է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների լայն սպեկտրի՝ այդ թվում արհմիությունների, գործատուների կազմակերպությունների, մասնագիտական միությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների, ոչ առեւտրային կազմակերպությունների, առեւտրի պալատների, բիզնես ասոցիացիաների, ազգային եւ միջազգային ՔՀԿ-ների, Արեւելյան գործընկերության եւ ԵՄ անդամ երկրների ՔՀԿ-ների, ինչպես նաեւ միջազգային ՔՀԿ-ների/ցանցերի համար։

 Եվրահանձնաժողովն իր վրա է վերցրել Ֆորումում ԱլԳ եւ ԵՄ երկրների 170 ներկայացուցիչների ծախսերը։ Երրորդ երկրների մինչեւ 15 ՔՀԿ-ներ կարող են Ֆորումին մասնակցել որպես դիտորդներ։ Հարկ է նշել, որ Եվրամիությունը դիտորդների մասնակցության ծախսերը չի հոգում։ Դրամաշնորհների բաշխմամբ զբաղվող հիմնադրամների մասնակցությունը նույնպես չի ֆինանսավորվում։

 Այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են ստանալ համաժողովի մասնակցի կամ դիտորդի կարգավիճակ, պետք է առցանց հայտեր ներկայացնեն՝ լրացնելով առցանց հայտաթուղթը։ Այն կազմակերպությունները, որոնք կարող են ինքնուրույն հոգալ իրենց մասնակցության ծախսերը, նույնպես պետք է առցանց հայտեր ներկայացնեն։

 ՔՀՖ Ղեկավար կոմիտեն՝ խորհրդակցելով Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության եւ Եվրահանձնաժողովի հետ, կկատարի ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի 2014թ. համաժողովի մասնակիցների ընտրությունը։

Ընտրությունն անցկացվելու է երկու փուլով։

 1. Կազմվում են երեք նախնական ցուցակներ

 ա) Դրանցից մեկը կազմում են ԱլԳ երկրների ազգային համակարգողները, որոնք ընտրվել են Ֆորումի 2013թ. համաժողովի կողմից եւ ստացել են ազգային պլատֆորմների աջակցությունը։ ԵՄ անդամ երկրների եւ միջազգային կազմակերպությունների/ցանցերի, ինչպես նաեւ երրորդ երկրների ՔՀԿ-ների կողմից համաժողովի մասնակիցների նախնական ցուցակը կազմվում է 2013թ. Ֆորումում ընտրված՝ Եվրամիության երկրները ներկայացնող երեք համակարգողների կողմից։

 բ) Երկրորդ ցուցակը կազմում են ՔՀՖ 2013թ. համաժողովի կողմից ընտրված թեմատիկ աշխատանքային խմբերի համակարգողները։

 գ) Երրորդ ցուցակը կազմվում է Արեւելյան գործընկերության վեց երկրներում Եվրամիության պատվիրակությունների կողմից։

Նախնական ընտրությունն անցած ՔՀԿ-ների ցանկը ձեւավորվում է հետեւյալ չափանիշների հիման վրա.

 Թեկնածուները պետք է լինեն ոչ կառավարական, անկախ, չեզոք (ինստիտուցիոնալ առումով քաղաքական որեւէ կուսակցության հետ կապ չունեցող) կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր հարգում են ժողովրդավարական արժեքները։ Դրանք պետք է լինեն հիրավի անկախ կազմակերպություններ։

Թեկնածու ՔՀԿ-ները պետք է գործեն բազմապիսի ոլորտներում (շատ կարեւոր է Ֆորումում քաղաքացիական հասարակության գործունեության ոլորտների բոլոր հիմնական բաղադրիչների ներկայացվածության ապահովումը եւ ըստ այդմ՝ թեմատիկ աշխատանքային խմբերի եւ ենթախմբերի աշխատանքում համապատասխան ՔՀԿ-ների ընդգրկվածության երաշխավորումը)։ Առցանց հայտում թեկնածուները հնարավորություն ունեն նշելու, թե աշխատանքային որ խմբում կամ ենթախմբում իրենք կցանկանային ընդգրկվել եւ աշխատել՝ առնվազն մինչեւ Ֆորումի հաջորդ ամենամյա համաժողովը։

Թեկնածու ՔՀԿ-ները պետք է գործեն ԱլԳ առաջնահերթությունները ներառող ոլորտներում։

Ընտրություն կատարելիս պետք է պահպանվի ռոտացիան, ըստ որի՝ առավելություն է տրվում այն ՔՀԿ-ներին, որոնք չեն մասնակցել ՔՀՖ նախկին համաժողովներին։

Հաշվի է առնվելու Ֆորումի նախորդ տարիների աշխատանքին եւ ազգային պլատֆորմներում ու աշխատանքային խմբերում հանդես բերած ակտիվությունը, ինչպես նաեւ Ֆորումի 2014/2015թթ. աշխատանքներում մասնակցություն ունենալու հետաքրքրվածությունն ու հնարավորությունները։

2. Նախնական ընտրությունն անցած ցուցակների հիման վրա վերջնական ընտրությունը կատարելու է ՔՀՖ Ղեկավար կոմիտեն՝ առաջնորդվելով հետեւյալ չափորոշիչներով.

 Համապատասխանություն սահմանված պահանջներին. թեկնածուները պետք է լինեն ոչ կառավարական, անկախ, չեզոք (ինստիտուցիոնալ առումով քաղաքական որեւէ կուսակցության հետ կապ չունեցող) կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր հարգում են ժողովրդավարական արժեքները։ Դրանք պետք է լինեն հիրավի անկախ կազմակերպություններ։

Թեկնածու ՔՀԿ-ները պետք է գործեն բազմապիսի ոլորտներում (շատ կարեւոր է Ֆորումում քաղաքացիական հասարակության գործունեության ոլորտների բոլոր հիմնական բաղադրիչների ներկայացվածության ապահովումը եւ ըստ այդմ՝ թեմատիկ աշխատանքային խմբերի եւ ենթախմբերի աշխատանքում համապատասխան ՔՀԿ-ների ընդգրկվածության երաշխավորումը)։

Յուրաքանչյուր աշխատանքային խմբում պետք է պահպանվի հավասարակշռությունը ԵՄ-ն եւ Արեւելյան գործընկերության երկրները ներկայացնող մասնակիցների միջեւ։

Թեկնածու ՔՀԿ-ները պետք է գործեն ԱլԳ առաջնահերթությունները ներառող ոլորտներում։

Պետք է ապահովվի երկրների ներկայացվածությունը (ընդհանուր առմամբ մասնակիցների առնվազն 10%-ը պետք է լինի ԱլԳ յուրաքանչյուր երկրից եւ առնվազն 25%-ը՝ Եվրամիության անդամ երկրներից)։

Պետք է հաշվի առնվի նախորդ Ֆորումում մասնակցությունը (նոր մասնակիցները պետք է կազմեն առնվազն 40% (որի առնվազն կեսը պետք է նախորդ 5 ֆորումներից որեւէ մեկին մասնակցած չլինեն), իսկ մինչեւ 60% կազմեն այն ՔՀԿ-ները, որոնք չեն մասնակցել 2013թ. Ֆորումի աշխատանքներին), այնքանով, որքանով նոր կազմակերպություններից ստացված հայտերի քանակը հնարավորություն կընձեռի այդ բանաձեւի կիրառման համար։ Այդ համամասնության պահպանումը կկիրառվի առաջին հերթին յուրաքանչյուր երկրից եւ ԵՄ-ից ստացված ցուցակների, ինչպես նաեւ, որքանով որ դա հնարավոր լինի, աշխատանքային խմբերի ցուցակների նկատմամբ։

Պետք է հաշվի առնվի 2013-2014թթ. Ֆորումի աշխատանքներում, ազգային պլատֆորմներում եւ աշխատանքային խմբերում ՔՀԿ-ի ունեցած ներդրումը (ազգային համակարգողի եւ աշխատանքային խմբերի համակարգողների գնահատմամբ) եւ ներկայացված առցանց հայտերում ներկայացված տեղեկատվության հիման վրա՝ 2014/2015թթ. Ֆորումի աշխատանքներում տվյալ ՔՀԿ-ն կրկին ներգրավելու նպատակահարմարության։

 Քաղաքացիական հասարակության ֆորումի մասնակից ընտրված ՔՀԿ-ների վերջնական ցուցակը կազմում է ՔՀՖ Ղեկավար կոմիտեն՝ խորհրդակցելով Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության եւ Եվրահանձնաժողովի հետ։

 Կարեւոր տեղեկատվություն.

Եվրամիությունը փոխհատուցելու է միայն ընտրված 170 ՔՀԿ-ների (որից 120-ը՝ ԱլԳ, 50-ը՝ ԵՄ երկրներից) ներկայացուցիչների ճանապարհի եւ կեցության ծախսերը։

Ֆորումի մասին մանրամասն տեղեկատվությունը՝ այստեղ։

Աղբյուր՝ http://eaparmenianews.wordpress.com/