Այս շաբաթ Եվրոպայում…

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին։

 Մայիսի 12-ին տարածաշրջանային այցի շրջանակներում երկօրյա պետական այցով Երևան կժամանի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները կմասնակցեն նաև Նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակներում կայանալիք հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին:

Մայիսի 12-ին Բրյուսելում կգումարվի ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստ՝ Քեթրին Էշթոնի նախագահությամբ։ Քննարկվելու է ճգնաժամն Ուկրաինայում, կայունացմանն ուղված ջանքերը, ինչպես նաև ԵՄ քաղաքականությունը Ղրիմի նկատմամբ, պատժամիջոցները։ Օրակարգում ընդգրկված է նաև Մերձավոր Արևելքի հարցի քննարկում։ Նախատեսվում է այս երկու հարցերի վերաբերյալ եզրակացությունների համաձայնեցում։ Կքննարկվի նաև ԵՄ հարևանության քաղաքականությունը 2014թ․-ի համար։

Հաջորդ օրը՝ մայիսի 13-ին կգումարվի ԵՄ Ընդհանուր հարցերի խորհրդի նիստ, որի ընթացքում նախապատրաստական աշխատանքներ կտարվեն՝ կապված հունիսի 26-27-ին կայանալիք ԵՄ գագաթաժողովի հետ։

Մայիսի 12-ին Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը կայցելի Կիև (Ուկրաինա) հանդիպում կունենա վարչապետ Յացենյուկի հետ, ինչից հետո երկու պաշտոնյաները հանդես կգան համատեղ հայտարարությամբ։

Մայիսի 13-ին Ռոմպոյը կուղևորվի Քիշնև (Մոլդովա), հանդիպումներ կունենա երկրի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի հետ։ Հաջորդ օրը Եվրոպական խորհրդի նախագահը կմեկնի ԱլԳ մեկ այլ երկիր՝ Վրաստան, որտեղ նույնպես հանդիպումներ կունենա երկրի ղեկավարության հետ։ Երկու երկրերում էլ ակնկալվում է համատեղ հայտարարությունների ընդունում։

Մայիսի 13-15-ին տեղի կունենա Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը։

Մայիսի 13-ին Բրյուսել կայցելի Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, ով հանդիպում կունենա Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ։ Հանդիպմանը կհետև մամուլի ասուլիս։ Ուկրաինայի կառավարության և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։

Իսկ մայիսի 15-ին Բարոզուն կընդունի Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեին, տեղի կունենա Եվրահանձնաժողովի և Մոլդովայի կառավարության ներկայացուցիչների հանդիպում։

Մայիսի 14-ին Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի նախագահությունն Ավստրիայից պաշտոնապես կփոխանցվի Ադրբեջանին։

Այս շաբաթ սպասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այց տարածաշրջան։

Աննա Կարապետյան