Արցախի երիտասարդության ձայնը. քննարկվում են միջազգային ակտուալ խնդիրներ

Մայիսի 10-ին Ղարաբաղի մայրաքաղաքում մեկնարկեց արդեն հայտնի դարձած “Արցախի երիտասարդության ձայնի” հերթական փուլը: Սա 2014 թվականի առաջին միջոցառումն է, և ծրագրի կազմակերպիչները` “Եվրոպական ինտեգրացիա” (Հայաստան) և “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” հասարակական կազմակերպությունները, թրեյնինգի համար ընտրել են թեմաներ, որոնք, նախ և առաջ, հետաքրքրում են Ղարաբաղի ակտիվ երիտասարդությանը` ուսանողներին, մագիստրոսներին, ասպիրատներին, հասարակական կազմակերպությունների անդամներին և այլոց: Բացի այդ, թրեյնինգի տվյալ փուլում որպես զեկուցողներ հանդես են եկել նաև նման միջոցառումների նախկին մասնակիցներ, որոնք ասելիք ունեն միջազգային հարաբերություններին առնչվող այս կամ այ թեմայի շուրջ:

Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին թրեյնինգի մասնակիցներին հետաքրքիր էր քննարկել հայ-թուրքական հարաբերությունների հարցը և 2015 թվականին աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ընդունման հավանականությունը: Պատմաբան, Արցախի պետական համալսարանի դասախոս, ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վահրամ Բալայանը թրեյնինգի մասնակիցներին ներկայացրեց “Հայոց ցեղասպանություն. պատմություն և արդիություն” թեմայով զեկույց, որի շրջանակներում անդրադարձավ ինչպես պատմական ասպեկտներին, այնպես էլ տնտեսական, կրոնական, միջկրոնական և այլ գործոններին, որոնք տեղ են գտել Թուրքիայում 19-20-րդ դարերում: Զեկուցողը կանգ առավ Ցեղասպանության հետևանքների վրա` անդրադառնալով “Նեմեսիս” ծրագրին և Հայ դատի քաղաքականությանը: “Ես մի մարդ եմ, ով չի ճանաչում ահաբեկչության ոչ մի դրսևորում, սակայն անհրաժեշտ է ընդունել, որ երբեմն դա աշխարհին սեփական ճշմարտությունը հասցնելու միակ եղանակն է, ինչն էլ տեղի ունեցավ ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության փաստի քննարկման և ընդունման դեպքում”, – նշեց Վ. Բալայանը:

ԼՂՀ պատգամավորի ելույթի տրամաբանական շարունակություն հանդիսացավ “Իսլամի դերը միջազգային քաղաքականությունում” թեմայով զեկույցը, որը ներկայացրեց Արցախի պետական համալսարանի պատմական-քաղաքագիտական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Հայկ Գևորգյանը: Մասնակիցներին ծանոթացնելով իսլամի ուղղությունների հետ` զեկուցողը կանգ առավ “իսլամ-իսլամիզմ” հարաբերակցության, իսլամական երկրների նկատմամբ Արևմուտքի քաղաքականության, իսլամի տարածքային ընդլայնման, հայկական երկու պետությունների համար իսլամի քաղաքականության մարտահրավերների, Իսլամական կոնֆերանս կամզակերպության լիազորությունների և այլնի վրա: Բավական ակտիվ քննարկումից հետո պարզ դարձավ, թե իսլամի և իսլամիզացման թեման որքան է հետաքրքրում թրեյնինգի մասնակիցներին, որոնք տվյալ թեմայի քննարկումից անցան Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի փոխհարաբերությունների տարածաշրջանային հարցերին` անցում կատարելով նաև ավելի հեռու շրջանների` Սիրիա, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս և այլն, և հենց քննարկման ընթացքում որոշվեց այս ոլորտի մասնագետի հետ շարունակել տվյալ թեմայի քննարկումը 2014 թվականի հաջորդ թրեյնինգներից մեկի ժամանակ:

Թրեյնինգը կշարունակվի մինչև մայիսի 12-ը, և դրա մասնակիցները դեբատների և քննարկումների, ինչպես նաև առավել ակտուալ հարցերի վերաբերյալ սեփական առաջարկներով դեռ կվերադառնան այն հարցերին, որոնք քննարկվել են միջոցառման առաջին օրը: Հենց թրեյնինգի այդ հադվածն էլ հանդիսանում է ծրագրի նպատակներից մեկը, որպեսզի Ղարաբաղի ակտիվ երիտասարդներն իրենց ձայնը, իրենց կարծիքը, իրենց առաջարկները հասցնեն այլոց, այդ թվում նրանց, ովքեր որոշումներ են կայացնում մեր երկու հայկական պետություններում: Նշենք, որ “Արցախի երիտասարդության ձայնը” ծրագիրն իրականացվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարության աջակցությամբ:

Աղբյուրը՝ armedia.am