“Միասին” երգի անգլերեն տարբերակը

“Եվրոպական ինտեգրացիա” (ք.Երևան), “Հումանիտար հետազոտությունների հանրություն” (ք. Բաքու) և “Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” (ք. Ստեփանակերտ) հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող “Միասին 2” խաղաղասիրական ծրագրի շրջանակներում պատրաստվել է ծրագրի առաջին փուլում ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի երաժիշտների և բանաստեղծների համատեղ ջանքերով գրված “Միասին” երգի անգլերեն տարբերակը: Երգը կատարում են Եվգենիա Տիմչենկոն (ք. Բաքու), Նարինե Գրիգորյանը (ք. Ստեփանակերտ) և Գայանե Սարգսյանը (ք.Երևան): Երգի մշակումը և տարածումը մայիսի 12-ին խորհրդանշական է, քանի որ այսօր լրանում է 1994թ. մայիսի 12-ին Բիշքեքում ստորագրված զինադադարի մասին համաձայնագրի 20-ամյակը:

“Միասին 2” (ինչպես նաև դրան նախորդած “Միասին”) ծրագիրն իրականացվում է ԱՄՆ կառավարության աջակցությամբ:

“Միասին 2” ծրագիրը “Միասին” ծրագրի շարունակությունն է, որի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի երաժիշտները, պոետները, դիզայներները, PR մասնագետները, լուսանկարիչներն ու “քլիփմեյքերները” ներկայացրել են “Խաղաղություն” թեմայով իրենց գաղափարներն ու աշխատանքները` ատրիբուտների, լոգոտիպերի, կարգախոսների, բանաստեղծությունների, մեղեդիների, լուսանկարների ու տեսահոլովակների տեսքով:

“Միասին” ծրագրի շրջանակներում 2012թ.-ին արդեն իսկ տարածվել է “Միասին” երգի ռուսերեն տարբերակը:

Նշենք, որ “Միասին” ծրագրի երգը (և՜ ռուսերեն, և՜ անգլերեն տարբերակները), լոգոտիպը, կարգախոսը, տեսահոլովակն ու լուսանկարը մասնակից կողմերի ներկայացուցիչների համահեղինակության արդյունք են:

Կարևորում ենք նաև այն հանգամանքը, որ ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչները մասնակցել են ծրագրին միայն ու միայն գաղափարական շարժառիթով: Շահագրգռող որևէ այլ բաղկացուցիչ ծրագրով նախատեսված չի եղել: Կազմակերպիչներին և մասնակիցներին միավորում է ընդհանուր հավատը, որ նման ծրագրերը թեկուզ մեկ քայլով, մեկ նոտայով մոտեցնում են բոլորիս կողմից երկար սպասված խաղաղությունը:

Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկանալու, ինչպես նաև դրա արդյունքներին ծանոթանալու համար կարող եք այցելել Project “Together” ֆեյսբուքյան էջ:

Հարգանքով,

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ