Հայաստանն ու Եվրոպան կարող են խոսել նույն լեզվով

Մայիսի 12-13-ին Ֆրանսիայի նախագահի` Հայաստան կատարած պետական այցն ամրապնդեց երկու երկրների ավանդական բարեկամական հարաբերություններն ու լրացուցիչ ազդակներ հաղորդեց ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Այցի օրակարգում երկկողմ տնտեսական և քաղաքական հարաբերություններին զուգահեռ ընդգրկված էին նաև տարածաշրջանային հարցեր՝ այդ թվում Հայաստանի ինտեգրացիոն քաղաքականությունը:

ՀՀ-ի՝ Մաքսային Միությանն անդամակցելու որոշման բարձրաձայնումից ի վեր ՀՀ-ԵՄ հարաբերություններում առաջացան նոր ելևէջներ, որոնք երբեմն բացատրվում էին չհասկացվածությամբ, երբեմն էլ ինտեգրացիոն երկու գործընթացների անհամադրելիությամբ:

Չնայած, ՄՄ-ին անդամակցելու ՀՀ որոշմանը, Երևանի կողմից բազմիցս հայտարարվել է Եվրամիության հետ սերտ համագործակցությունը շարունակելու մտադրությունը: Այդ կապակցությամբ արվել են համապատասխան հայտարարություններ ամենաբարձր մակարդակով, խոսվել է համագործակցության իրավական հիմքերի թարմացման անհրաժեշտության մասին: Հայաստանը, հաստատակամ է շարունակելու բարեփոխումներն անկախ արտաքին գործոնների փոփոխությունից, քանի որ դա, առաջին հերթին, մեր երկրի զարգացման գրավականն է, ոչ թե գործոն երկրորդ կողմի հետ հարաբերություններում: Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հարաբերությունների այս նոր և կարևոր փուլում թերևս մեծ դեր են խաղում ԵՄ անդամ այն երկրները, որոնք Հայաստանի հետ ունեն ավանդական ջերմ բարեկամական հարաբերություններ, որոնց թվում իհարկե առաջիններից է Ֆրանսիան:

Ֆրանսիայի նախագահի այցի ընթացքում արված հայտարարություններն ընդգծեցին, որ Փարիզը պատրաստ է իր ներդրումն ունենալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման հարցում: “Հայաստանն աշխարհաքաղաքական տեսակետից յուրահատուկ պայմանների մեջ է, դրա համար Հայաստանը որոշեց սերտ կապերը շարունակել Ռուսաստանի հետ: Իմ խնդիրը դատապարտելը չէ, այլ հասկանալը: Դրա համար իմ այցի ընթացքում փորձեցի հասկանալ, որն է Հայաստանի դիրքը և ինչպիսին պետք է լինի Եվրամիության պատասխանը: Ցանկանում եմ, որպեսզի Հայաստանը լիովին ասոցացված լինի Եվրամիության հետ, քանի որ նրա տենչն է, նրա արժեքներն են, նրա շահերին է համընկնում”,- ասաց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Կարևոր էին նաև նախագահի այն խոսքերը, որ “Հայաստանի դիրքորոշումը պետք է օժանդակեն, քաջալերեն Եվրամիության շրջանակներում, Եվրամիությունը պետք է հասկանա, որ Հայաստանը բացառիկ պայմանների մեջ է ապրում, ու պետք է մի գործընթացի մեջ մտնի, որ մերձենա Եվրամիությանը”:

Այցի ընթացքում նախագահների կողմից քննարկվեց ևս մեկ կարևոր հարց, այն է ՀՀ-ի՝ ՄՄ-ի անդամակցելու պարագայում եվրոպացի մեր գործընկերների համար ստեղծվող հնարավորությունները: Ի վերջո, եվրաինտեգրման ճանապարհին ՀՀ-ում կատարված զգալի բարեփոխումներն ու համատեղ անցած ուղին ՀՀ-ին շատ ավելի ընկալելի են դարձրել ԵՄ-ի համար, ստեղծվել են համագործակցության մի շարք մեխանիզմներ, շատ հարցերում ՀՀ-ն այսօր առավել մոտ է եվրոպական ստանդարտներին՝ ՄՄ անդամ մյուս երկրներից: Այս տեսակետից, Հայաստանը կարող է գործընկերային դաշտ աահովել ՄՄ-ի և ԵՄ-ի համար, և միաժամանակ դառնալ ՄՄ-ում ԵՄ-ի լավագույն գործընկերը: Այդ պարագայում, ՀՀ-ն շատ ավելի կարևոր գործընկեր կլինի ԵՄ-ի համար որպես ՄՄ անդամ երկիր, քան բավական փոքր շուկա ունեցող առանձին պետություն:

Այդ մասին նույնպես խոսվեց երկու նախագահների հանդիպումների ընթացքում, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշեց,- “Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի ինտեգրումը բացառիկ հնարավորություններ է ստեղծում նաև Եվրոպական ներդրողների համար, օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքն, ավելի հեշտացված կարգով դուրս գալ դեպի Եվրասիական շուկա, քանի որ իր տնտեսության ազատության և շուկայական կանոնների կիրառման մակարդակով Հայաստանի տնտեսությունը ԱՊՀ երկրների շարքում ամենամոտն է Եվրոպականին”:

Եվ այս տեսակետից ՀՀ նախագահը կարևորեց ԵՄ-ի հետ համագործակցության ներքո բարեփոխումների շարունակությունը: “Ցանկալի կլինի, որ ասոցացման առանձնակի առաջարկություն լինի Հայաստանի համար: Այնպես որ, մենք շարունակում ենք Եվրամիության հետ մեր հարաբերությունների խորացումը, որովհետև այդ հարաբերությունները ոչ միայն հնարավորություն են` վերադառնալու մեր արմատներին, այլ նաև արագ բարեփոխումներ իրականացնելու մեր երկրում”,- նշեց Սերժ Սարգսյանը:

Ինտեգրացիոն գործընթացները մի շարք հնարավորություններ են ստեղծել ինչպես Հայաստանի, այնպես էլ մեր գործընկերների համար: Սակայն, դրանցից առավելագույն արդյունք քաղելու համար կարևոր են խնդրի ռացիոնալ քննարկուումներն ու համագործակցության լրացուցիչ, առավել արդյունավետ ուղիների որոնումը: Այս առումով, կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ի հետ հարաբերություններում եվրոպական մոտեցումն առաջընթաց է արձանագրում: Եվ Ֆրանսիան, իսկ նրան զուգահեռ նաև մեր մյուս գործընկեր երկրները, կարող են իրենց մեծ ավանդն ունենալ այս գործում, աջակցել այդ համագործակցության կառուցմանը:

Աննա Կարապետյան