Եվրոպացիները ցանկանում են “մոռացված լինել”

Եվրոպական դատարանը կայացրել է որոշում, որը կարող է ամբողջությամբ փոխել համացանցը: Աշխարհի խոշորագույն որոնման համակարգը՝ Google-ը, այժմ պարտավոր է օգտատերերի պահանջով վերացնել իր հիշողությունից անձնական տվյալները և այդ տվյալներով աղբյուրների հղումները, որոնք մարդիկ գերադասում են գաղտնի պահել: Google-ը պարտավոր է ջնջել տեղեկությունը, նույնիսկ եթե այն ճշմարտացի է: Նման կերպ, ԵՄ բնակիչներն օգտվում են անձնական տվյալների և նամակագրության անձեռնմխելիության իրենց իրավունքից: Նույնիսկ եթե այդ որոշումը չհանգեցնի որոնման համակարգում ակտիվության նվազեցմանը, Google-ը, միևնույն է, բախվելու է մեծ քանակությամբ խնդիրների հետ, որոնցից գլխավորը կարող է հանդիսանալ տեղեկությունը ջնջելու մասին Եվրոպայից 500 միլիոն ինտերնետ-օգտատերերի դիմումների հոսքը: Առայժմ հայտնի չէ ՝ արդյո՞ք այս քաղաքականությունը տարածվելու է աշխարհի այլ շրջանների վրա, եթե ոչ:

Ի դեպ, Եվրոպայում մեծ թափ է ստանում “Մոռացված լինելու իրավունք” արտահայտությունը, որը վերաբերում է յուրաքանչյուր օգտատերի ինտերնետային պատմությանը: Այս հարցը բարձրացվել է մի իսպանացու կողմից, ով բախվել է նրան, որ Google-ի որոնումը կարող է թույլ տալ յուրաքանչյուրին մուտք ստանալ իր անձնական տվյալների համար, մասնավորապես 1998 թվականին տեղի ունեցած հարկերի հետ կապված տհաճ միջադեպի համար, որն իսպանացին փորձում է չհրապարակել:

Հիշեցնենք, որ վերջերս ֆրանսիական UFC-Que Choisir օգտատերերի ֆեդերալ միությունը դատի տվեց Google, Facebook և Twitter ընկերություններին՝ կապված այն հանգամանքի հետ, որ վերջիններս հրաժարվեցին փոփոխություններ կատարել իրենց սոցիալական հարթակներն օգտագործելու պայմանների մեջ: Կազմակերպությունը նշել էր, որ սկսած 2013 թվականի հուլիսից՝ բազմիցս խնդրել է ընկերություններին փոխել պայմանները, սակայն ապարդյուն: Կազմակերպությունը նշում էր, որ համացանցի գերհզոր ցանցերը թույլ են տալիս անձնական տվյալների հավաքում, պահպանում և կիրառում՝ իրենց անսահմանափակ իրավունքներ տրամադրելով այդ տեղեկությունը գործընկերներին վաճառելու հարցում: UFC-Que Choisir-ը կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանն ստիպել Google-ին, Facebook-ին և Twitter-ին բացառել կամ վերացնել վիճելի կետերը և համացանցում առկա տվյալների գաղտնիության մասին քննարկումները տեղափոխել նոր հարթակ՝ ԵՄ մակարդակով:

Նշենք, որ ԱՄՆ-ն առայժմ չի կողմնորոշվել, թե ինչ պատասխան պետք է տա ԵՄ-ին: Փորձագետներն իրենց հերթին զուսպ են մեկնաբանում իրավիճակը: Իսկ Google-ը սահմանափակվել է հետևյալ հայտարարությամբ. “Այս քայլը հիասթափեցնող է որոնման համակարգերի և առցանց հրատարակչությունների համար: Այժմ մեզ ժամանակ է պետք հետևանքները վերլուծելու համար”:

Արմինե Հարությունյան