Խորհրդատվություն Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ԵՄ ճանապարհային քարտեզի շուրջ

Հայաստանում ԵՄ պատվիրակության նախաձեռնությամբ մայիսի 16-ին Երևանում տեղի ունեցավ հայաստանյան քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ԵՄ ճանապարհային քարտեզի շուրջ խորհրդատվություն, որի նպատակն էր հեշտացնել ՔՀԿ-ների ներդրումը քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ԵՄ ճանապարհային քարտեզի մշակման գործընթացում: Միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող “Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի” ծրագրի աջակցությամբ և ԱլԳ ՔՀՖ Ազգային պլատֆորմի հետ համագործակցությամբ:

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից ընդհանուր առմամբ 60 ՀԿ-ների ներկայացուցիչներ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության hամագործակցության բաժնի ղեկավար Հաո-Բին Աջեմիանը, “Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի” ծրագրի թիմի ղեկավար Շտեֆան Մալերիուսը, “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ պատասխանատու քարտուղար Հայկուհի Կաթրջյանը և միջոցառման մոդերատոր, “Երևանի մամուլի ակումբ”-ի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Մոտ 7 ժամ տևած խորհրդատվության առաջին հատվածում տեղի ունեցան քննարկումներ Հայաստանի ՀԿ դաշտում առկա վիճակի, այն կարգավորող նորմատիվային շրջանակների, կառավարության հետ համագործակցության և այս ամենում ԵՄ ունեցած ներդրման վերաբերյալ: Այնուհետև մասնակիցները բաժանվեցին հետևյալ 5 թեմատիկ աշխատանքային խմբերի. ա/ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, լավ կառավարում, բ/ տնտեսական ինտեգրում և ԵՄ օրենսդրության հետ համապատասխանեցում, գ/ շրջակա միջավայր, կլիմայի փոփոխություն և էներգետիկ անվտանգություն, դ/մարդկանց միջև կապեր, ե/ սոցիալական երկխոսություն և սոցիալական քաղաքականություն: Յուրաքանչյուր խումբ թեմատիկ քննարկումներից հետո հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով ԵՄ ճանապարհային քարտեզի գերակայությունների շուրջ առաջարկություններ, որոնք միասնական փաստաթղթի տեսքով ներկայացվելու են Հայաստանում ԵՄ պատվիրակությանը:

ՔՀԿ-երի հետ համագործակցության ԵՄ ճանապարհային քարտեզներ

ԵՄ-ն և անդամ պետությունները պետք է զարգացնեն ՔՀԿ-երի հետ համագործակցելու երկրների ճանապարհային քարտեզներ ԵՄ գործողությունների ազդեցությունը, կանխատեսելիությունը և տեսանելիությունը բարելավելու համար՝ ապահովելով հետևողականություն և համատեղ գործունեություն ԵՄ արտաքին հարաբերությունների տարբեր ոլորտներում: Այս քարտեզները նաև նախատեսված են համակարգում իրականացնել և կիսել լավագույն փորձը անդամ պետությունների և այլ միջազգային դերակատարների հետ, այդ թվում հեշտացնելու և համաձայնեցնելու ֆինանսավորման պահանջները:

Ճանապարհային քարտեզները պետք է հիմնվեն ՔՀԿ ոլորտի հստակ ըմբռնման և ավելի լայն սոցիալ-տնտեսական համատեքստի վրա, որի շրջանակներում նրանք գործում են: Սա երկրի մակարդակում ԵՄ ռազմավարական ավելի մեծ ներգրավման նախապայման է, մասնավորապես, եթե պետք է առանձնացվեն համապատասխան շահագրգիռ կողմերը ստեղծելու կամ հեշտացնելու համար արդյունավետ ու իմաստալից երկխոսության սխեմաներ: Ճանապարհային քարտեզները պետք է սահմանեն ՔՀԿ-երի հետ ԵՄ համագործակցության երկարաժամկետ նպատակներ և ընդգրկեն երկխոսություն, ինչպես նաև օպերատիվ աջակցություն՝ համապատասխան աշխատանքային ձևեր սահմանելով: Այս գործողությունը պետք է կապակցվի ԵՄ արտաքին աջակցության ծրագրմանը, այն է՝ երկկողմ, տարածաշրջանային և թեմատիկ համագործակցությանը: ԵՄ-ի կողմից այժմ մշակվող մարդու իրավունքների առանձին երկրների ռազմավարությունները կարևոր հղում կհանդիսանան: Ճանապարհային քարտեզները պետք է մշակվեն հաշվի առնելով քաղաքացիական հասարակության տեսակետները, պետք է մշտապես թարմացվեն և, երբ անհրաժեշտ է, հանրության համար դառնան հասանելի և կիսվեն պետական իշխանութունների հետ:

Նշենք նաև, որ “Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի” ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԵՄ կողմից, իրականացվում է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գլխավորությամբ ԱլԳ անդամ երկրների հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից: Ծրագրի իրականացման գործընկերը Հայաստանում “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունն է:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ