Ազնավուր. “Թույլ տվեք ապրեմ, իսկ լեգենդը թող հետո լինի”

 Այսօր լրանում է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի 90 ամյակը: Սակայն հարկ է նշել, որ ինքն անձամբ խուսափում է “լեգենդար” կոչումից. “Թույլ տվեք ապրեմ, իսկ լեգենդը թող հետո լինի”:

Շառլ ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին: Իսկական անունը՝ Վաղինակ Ազնավուրյան:

Ազնավուրը ծնվել է հայ փախստականների ընտանիքում, որոնք տեղափոխվել են Ֆրանսիա 1922 թվականին: Ազնավուրի մայրը Թուրքիայում բնակվող վաճառական հայերի ընտանիքից է եղել, հայրը ծնվել է Վրաստանում (հայրական կողմից Ազնավուրի պապը եղել է Նիկոլայ II-ի խոհարարը):

Միշա և Քնար Ազնավուրյանները, ի վիճակի չլինելով արվեստով (հայրը՝ բարիտոն, մայրը՝ դերսանուհի) հոգալ ընտանիքի հոգսերը, Յուշետ փողոցի վրա ռեստորան են բացում:

Ազնավուրի ընտանիքն ապրել է երաժշտության, թատրոնի և պոեզիայի միջավայրում: Եվ շատ բնական է, որ փոքրիկ Շառլը տարվեց երաժշտությամբ:

30-ական թվականների համաշխարհային ճգնաժամի ժամանակ Միշան փակեց իր ռեստորանը: Գալիս է ձմեռ, պետք է ապրել. թերթի վաճառքը փողոցներում և ֆիլմերի դրվագներում նկարահանումներն օգնում են Ազնավուրյան ընտանիքին գոյատևել:

Շառլ Ազնավուրը սովորել է մանկական թատերական դպրոցում, իսկ ավելի ուշ՝ TSF կենտրոնական դպրոցում (Փարիզ): 9 տարեկանից սկսած՝ Ազնավուրը երգել և խաղացել է բեմում, արդեն 1936 թվականին իր ուժերը փորձել է կինոյում: Ի սկզբանե Ազնավուրը դուետով ելույթ է ունեցել կոմպոզիտոր Պյեր Ռոշի հետ: Նրանց երկուսին նկատում է Էդիտ Պիաֆը, և 1946 թվականին Ազնավուրը և Ռոշը մասնակցում են Պիաֆի շրջագայությանը Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: Այդ պահից էլ սկսվում է Ազնավուրի պրոֆեսիոնալ կարիերան: Սակայն նրա հռչակը հատկապես տարածվեց 1956 թվականին Կասաբլանկայում և Փարիզում տված համերգներից հետո:

Ազնավուրն առաջին անգամ ամուսնացել է 1946 թվականի մարտի 16-ին Միշել Ռյուգելի հետ, երկրորդ անգամ՝ 1955 թվականի հոկտեմբերի 28-ին Էվելին Պելսի, իսկ երրորդ անգամ՝ 1967 թվականի հունվարի 11-ին՝ Ուլլա Տորսելի հետ:

2006 թվականին 82-ամյա Ազնավուրը մեկնեց Կուբա, որտեղ Չուչո Վալդեսի հետ համատեղ ձայնագրեց Color Ma Vie ալբոմը, որը լույս տեսավ 2009 թվականի փետրվարի 19-ին:

Ազնավուրը գրել է շուրջ 1000 երգ, նկարահանվել է 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 100 միլիոն սկավառակ: Համաձայն “TIME” ամսագրի և CNN-ի համատեղ հարցումների (1998 թվական), Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն էստրադային կատարող:

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Ազնավուրը հիմնեց բարեգործական հիմնադրամ և կազմակերպեց տուժած ընտանիքների համար օգնության հավաքում: Լայն հասարակական արձագանք ստացավ “Քեզ համար, Հայաստա´ն” տեսահոլովակը, որի նկարահանմանը մասնակցել էին ֆրանսիացի 90 երգիչներ և դերասաններ:

Իր պատմական հայրենիքի հետ կապերին Շառլ Ազնավուրն առանձնահատուկ կարևորություն է տալիս՝ վերջին տասնամյակներում ավելի ու ավելի շատ համատեղելով արվեստը բարեգործական գործունեության հետ: Երգչի անունով Երևանում հրապարակ կա: 1990-ական թվականներին նա դարձավ ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ ներկայացուցիչը, իսկ 2009 թվականին՝ ՀՀ դեսպան Շվեյցարիայում, որտեղ այժմ նա բնակվում է:

Հայ փախստականների որդու բոլոր ձեռքբերումներն ու արժանիքները պատկերացնելն անհնար է: Սակայն միանաշանակ կարելի է ասել, որ 90-ամյա երգչին այսօր էլ սիրում և սպասում են ողջ աշխարհում:

 

22.05.2014