ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ

Եվրամիությունում մեկնարկել են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները, որոնք տարբեր երկրներում տեղի են ունենալու մայիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում: Ընտրարշավը մեկնարկել են Նիդերլանդները և Մեծ Բրիտանիան, որտեղ

քվերակությունն արդեն ավարտվել է: Երկրների մեծ մասում ընտրատեղմասերը բացվելու են կիրակի առավոտյան: Պաշտոնական արդյունքները Բրյուսելում կհայտարարվեն կիրակի երեկոյան, երբ ընտրությունները կավարտվեն ԵՄ բոլոր 28 երկրներում: Ի դեպ, ԵՄ-ն արգելել է առաձին երկրներում քվերակության արդյունքների հրապարակումը մինչև կիրակի ընտրությունների ավարտը:

Նշենք, որ Նիդերլանդներին բաժին է ընկնում Եվրախորհրդարանի 751 տեղերից 26-ը, իսկ Մեծ Բրիտանիային՝ 73-ը: Դիտորդները նշում են, որ երկու երկրներում թեկնածուների շարքում առաջատար հանդիսանում են եվրասկեպտիկները և աջ պոպուլիստները:

2014 թվականի ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը լինելու է այն, որ արդյունքներն անմիջականորեն ազդելու են Եվրահանձնաժողովի նոր նախագահի ընտրության վրա: Այդ պաշտոնի թեկնածուն պետք է ստանա նոր Եվրախորհրդարանի մեծամասնության հավանությունը:

Եվրախորհրդարանը Եվրոպական միության օրենսդիր մարմինն է, որն ուղղակիորեն ընտրվում է ԵՄ քաղաքացիների կողմից: Դա ԵՄ իշխանության միակ մարմինն է, որն ընտրվում է ուղղակի քվեարկության ճանապարհով: 1958-1974 թվականներին Եվրախորհրդարանի պատգամավորները նշանկվում էին ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների կողմից: 1976 թվականի սեպտեմբերից Բրյուսելում (Բելգիա) եվրոպական ընտրությունները համընդհանուր ուղղակի քվեարկությամբ անցկացնելու մասին որոշում կայացվեց: Եվրոպայի խորհրդարանի առաջին ուղղակի ընտրությունները, որոնց ընթացքում ընտրվել է 410 պատգամավոր, տեղի են ունեցել 1979 թվականի հունիսին: