“Եվրախորհրդարանի ընտրությունները “բնական սարսափ” են ներշնչում”

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը սուր քննադատության է ենթարկել Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները: Նրա խոսքերով, Եվրամիության գլխավոր օրենսդիր մարմին անցած ազգայնականների տոկոսը “բնական սարսափ” է ներշնչում: Արտաքին գերատեսչության ղեկավարն ուղղակիորեն չի մեղադրել իրենց ձայնն այսպես կոչված “եվրասկեպտիկների կուսակցություններին” տված ընտրողներին, սակայն ակնարկել է, որ նրանց ընտրությունը, իր կարծիքով, սխալ է, քանի որ վնասում է միասնական Եվրոպային, հայտնում է “Росбалт”-ը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն իր հերթին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի ներկայիս ընտրությունները “ապացուցում են այն միանշանակ գաղափարը”, որ միասնական Եվրոպան այլևս չի կարող լինել նախկինի պես: Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ նա արդեն զանգահարել է իր եվրոպացի գործընկերներից մի քանիսին և կոչ արել Բրյուսելում արտահերթ նիստի ժամանակ բարձրացնել ԵՄ կառուցվածքի փոփոխության հարցը, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Ավելի վաղ Քեմերոնը բազմիցս հայտարարել է, որ միության հետագա գոյությունն իր ներկայիս տեսքով “անթույլատրելի” է:

Հիշեցնենք, որ 2014-2019 թվականների նստաշրջանի, որի մեջ մտնելու է 751 պատգամավոր, Եվրախորհրդարանի ընտրությունները ԵՄ 28 երկրներում տեղի են ունեցել մայիսի 22-25: Ընտրությունների սենսացիա հանդիսացավ Մեծ Բրիտանիայում եվրասկեպտիկ Անկախության կուսակցության և Ֆրանսիայում ծայրահեղական Ժողորդական ճակատի բացարձակ հաղթանակը: Նրանք ստացան իրենց երկրների ընտրողների ձայների մեկ քառորդից ավելին:

Եվրախորհրդարանի ընտրությունները տեղի են ունենում հինգ տարին մեկ անգամ, և յուրաքանչյուր քվեարկության ժամանակ ընտրողների հաճախելիությունը գնալով նվազում է, գրում է 1tv.ru-ն: 2009 թվականին գրանցվել էր 1979 թվականից հետո ամենացածր հաճախելիությունը: Այն ժամանակ քվեարկությանը մասնակցեցին ընտրողների միայն 43%-ը: Բրյուսելում այս տարվա ցուցանիշն արդեն գնահատել են որպես “պատմական իրադարձություն”: Սակայն բազմաթիվ փորձագետներ նշում են, որ զարմանալի ոչինչ չկա, քանի որ ճգնաժամի, դժգոհության կամ հիասթափության պահերին ընտրողներն առավել ակտիվ մասնակցություն են ցուցաբերում:

Արմինե Հարությունյան