Ուկրաինան շուտով կստորագրի ասոցացման համաձայնագիրը

Ուկրաինայի նախագահական ընտրություններում նախնական տվյալներով հաղթած թեկնածուն` Պյոտր Պորոշենկոն, հայտարարել է, որ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա նոր նախագահի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո:

Ինչպես հայտնում են Պորոշենկոյի մամլո ծառայությունից, նա կարծում է, որ Ուկաինայի ժողովուրդը, ով քվեարկել է իր եվրոպական ծրագրի օգտին, չի կարող սպասել: “Այդ իսկ պատճառով, իշխանությունների գործողություններն այսօր պետք է լինեն

հնարավորինս ակտիվ”,- նշել է նա:

Նա նաև հույս է հայտնել, որ Եվրոպական Միությունն ու նրա ղեկավարները, որոնք հետևողականորեն խրախուսել են ուկրաինական ժողովրդի եվրոպական ընտրությունը և հայտարարել են Ասոցացման համաձայնագիրն ավարտին հասցնելու իրենց պատրաստակամության մասին, այժմ նույնպես կսատարեն Ուկրաինային:

Ավելի վաղ Wall Street Journal-ի փոխանցմամբ, հայտնի էր դարձել, որ Պորոշենկոն խնդրել է ԵՄ ղեկավարներին հետաձգել Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Հենց Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետաձգումն էր, որ 2013-ի վերջին բողոքի ալիք բարձրացրեց Ուկրաինայում:

Ինչպես հայտնում է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի վարչակազմի ղեկավար Դիդյե Սյուվզը, Պորոշենկոն առանձին հանդիպել է Ռոմպեյի և Եվրոպանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ: Հանդիպման ընթացքում նորընտիր նախագահը խնդրել է իրեն ավելի շատ ժամանակ տալ համաձայնագրի ստորագրման համար: Սակայն վերջին տեղեկություններով, այս հանդիպումից հետո Պորոշենկոն ինչ-ինչ պատճառներով հստակ ժամկետ է սահմանել Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար:

Քրիստինե Գասպարյան