Դասընթաց ՀՀ ՓՄՁ ներկայացուցիչների համար SolveNet ծրագրի շրջանակներում

ԵՄ կողմից ֆինանսավորվող “SolveNet” ծրագրի շրջանակներում մայիսի 29-30-ը Երևանում անցկացվում է հանրային-մասնավոր գործընկերությունների վերաբերյալ երկօրյա դասընթաց ծրագրի թիրախային մարզերից (Տավուշ, Գեղարքունիք և Սյունիք) հրավիրված ՓՄՁ գործարարների համար: Դասընթացի նպատակն է մասնակիցների մոտ զարգացնել նոր հմտություններ և կարողություններ հանրային քաղաքականության վերլուծության, մասնակցային ժողովրդավարության և հանրային-մասնավոր գործընկերությունների վերաբերյալ: Դասընթացի արդյունքում մասնակիցները ստանանում են տեսական և գործնական գիտելիքներ նշված թեմաների շուրջ, ինչը նրանց հնարավորություն կընձեռի մարզային մակարդակում իրենց գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ակտիվորեն մասնակցել հանրային քաղաքականությունների մշակման գործընթացին։

“SolveNet” ծրագրի նպատակներից մեկն է խրախուսել գործարարների մասնակցությունը տեղական և տարածաշրջանային զարգացման քաղաքականության նախագծման և իրականացման, ինչպես նաև հանրային-մասնավոր գործընկերությունների ձևավորման հարցում:

Ծրագրի նկարագրությունը

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն Հայաստանում իրականացնում է ԵՄ կողմից` “Սևծովյան ավազան 2007-2013թթ.” համատեղ գործառնական ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող “Տեղական զարգացման քաղաքականությունների առաջնահերթությունների սահմանման, մշակման և իրականացման մեջ քաղաքացիների ներգրավվածություն (SolveNet)” ծրագիրը “SMART” զարգացման կենտրոնի (Ռումինիա), “Ստորին Դանուբ եվրաշրջան” միջսահմանային համագործակցության ասոցիացիայի (Ռումինիա), “Ստորին Դանուբ” եվրաշրջանի կայուն զարգացման և եվրաինտեգրման գործակալության (Ուկրաինա), ինչպես նաև “Հանրային քաղաքականության ինստիտուտ”-ի (Մոլդովայի Հանրապետություն) հետ համագործակցությամբ:

Ծրագրի հիմնական նպատակն է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացումն՝ ուղղված տեղական և տարածքային զարգացման քաղաքականությունների առաջնահերթությունների սահմանման, մշակման և իրականացման հարցում նրանց դերի ամրապնդմանը:

Հայաստանում ծրագրի թիրախ խմբերն են`

- Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հասարակական կազմակերպությունները,

- Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի տեղական կառավարման մարմինները,

- Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի փոքր և միջին ձեռնարկատերերը:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ