“Հորաքրոջս ընտանիքին թուրք ընկերներն ուղեկցել են մինչև Հայաստանի սահման…”

 ”100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո ներկայացվում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Համեստուհի Քենդիկյանը

Ծնողներս ապրել են Արևմտյան Հայաստանի Արաբկիր քաղաքում: 1896 թ.-ին` կոտորածների առաջին ալիքի ժամանակ, տատիկիս աչքի առջև սպանել են Գևորգ հորեղբորս ու կախել ծառից: Տատիկս դրանից հոգեկան ծանր խանգարում է ստացել, երկար բուժվել է: Սակայն մինչև կյանքի վերջ էլ հոգեկան որոշ խնդիրներ ուներ։ Այնուհետև պապիկիս են տարել, երկու հորեղբայրներիս, հորեղբորս բոլոր բարեկամներին, մնացել է միայն հայրս, ով փոքր է եղել:

Նա 1904 թ.-ին է ծնվել. նրան մահացած եղբոր անունով կոչել են Գևորգ:

Տատիկս պատմում էր, որ պատերազմի ավարտից հետո բոլոր արաբկիրցիներով գնացել են Հալեպ, որտեղից էլ Բեյրութ են տեղափոխվել:

Հայրս պատմում էր իր ընկերական շրջապատի մասին։ Ասում էր` շատ թուրք ընկերներ է ունեցել, ովքեր, ինչպես ինքն էր ասում, նեղության պահին միշտ օգնել են, չեն թողել, որ մեզ վնասեն: Մեկի անունը լավ եմ հիշում` Մստաթևիկ: Ասում էի` “այդ ի՞նչ անուն է”, ասում էր` “թուրքի անուն է”:

Իսկ հորաքրոջս` Տիգրանուհու ամուսինը` Սարգիս Սուրյանը, պատմում էր, որ ջարդի ժամանակ իրենք դարբին են եղել և սարերում պայտեր են պատրաստել: Թոհուբոհի մեջ նրանց մոռացել են, չեն աքսորել: Նրանք Արաբկիր են վերադարձել, երբ իրավիճակը հանդարտված է եղել 1924-ին, հետո գաղթել են Հայաստան։

Նրանց թուրքերն են օգնել փախչել: Հորաքրոջս ամուսինը հիշում էր, թե ինչպես են իրենց թուրք ընկերներն իրենց ունեցած-չունեցած ոսկեղենը վերցրել, դրել իրենց գրպանները, գորգերն ու ողջ ունեցվածքը կապել են իրենց ջորիների վրա և ուղեկցել մինչև Արևելահայաստանի սահման: Թուրքերն այդ ոսկեղենն իրենց մոտ են պահել ու ասել․ “Եթե հարձակում լինի, ձեզ մոտից կխլեն, մեզ մոտ

ապահով կլինի”: Այդպես թուրքերը նրանց բերել հասցրել են սահմանին, ոսկեղենն ու ունեցվածքը վերադարձրել են ու ճանապարհել Հայաստան:

Երևանում նրանք Կինոյի տան մոտ մեծ տուն էին գնել, գերդաստանով ապրում էին, սեղան էին նստում 14 հոգով:

Հորաքրոջս ամուսինը միշտ երախտագիտությամբ էր հիշում այդ թուրքերին։ Ասում էր, որ լավ թուրք հարևաններ են ունեցել, ովքեր “տիրություն էին անում, չէին թողնում, որ ասպատակեն”: Բայց դաժան մարդիկ էլ են եղել, որ օգտագործել են առիթը, սպանել ու թալանել են: Ամեն դեպքում, շատ եմ լսել, որ թուրքերի թվում եղել են նաև շատ օգնողներ:

 Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: