Առաջին ուսումնասիրությունը Արևելյան գործընկերության երկրներում Համընդհանուր պարբերական դիտարկման վերաբերյալ

Մարդու իրավունքների և ժողովրդավարացման եվրոպական միջհամալսարանական կենտրոնը վերջերս կազմակերպել էր երկրորդ Համաշխարհային դասարանը Վենետիկի Մարդու իրավունքների ավանում: Այն համախմբել էր 18 ուսանողների և 6 դասախոսների, ովքեր ներկայացնում էին “Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում” մագիստրոսական տարածաշրջանային ծրագիրը աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում: Երևանի պետական համալսարանում կազմակերպվող ԱլԳ տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը ներկայացնում էին դասախոս Վահան Բուռնազյանը և երեք ուսանողներ Հայաստանից, Մոլդովայից և Լեհաստանից: Համաշխարհային դասարանի նպատակն է կրթել մարդու իրավունքներում մասնագիտացող անձանց և փորձագետների գալիք սերունդին, և սա միակ նմանատիպ փորձն է տվյալ ոլորտում: Երկրորդ Համաշխարհային դասարանին ներկա էին հյուրեր ՄԱԿ-ից, Իտալիայի կառավարությունից և “UPR-Info” ՀԿ-ից:

2014 թվականի Համաշխարհային դասարանի թեման Համընդհանուր պարբերական դիտարկումն (ՀՊԴ) էր: Այն մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ՄԱԿ-ի նոր մեխանիզմներից է, որը կիրառվում է ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների համար: 4.5 տարին մեկ անգամ պետությունները մասնակցում են դիտարկմանը և զեկուցում են իրենց երկրներում մարդու իրավունքների իրավիճակի մասին: ՀՊԴ-ն շատ ընդգրկուն մեխանիզմ է, քանի որ այն ակտիվ մասնակցության հնարավորություն է ընձեռում ՄԱԿ-ի բոլոր անդամ-պետությունների քաղաքացիական հասարակություններին, տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններին, հատուկ ընթացակարգերին և ՄԱԿ-ի գործակալություններին: Գործընթացի ավարտին ՄԱԿ-ի անդամ պետությունները դիտարկումն անցնող երկրին տալիս են հանձնարարականներ խորհրդատվության տեսքով, որոնք տվյալ երկիրը պետք է իրականացնի մինչև հաջորդ դիտարկումը: ՀՊԴ-ն ուղղված է պետությունների միջև անկեղծ, բաց ու փոխգործուն երկխոսություն ստեղծելուն: ՀՊԴ-ի հիմնական նպատակն է յուրաքանչյուր երկրում մարդու իրավունքների իրավիճակի բարելավումը, ինչը նշանակալի ազդեցություն պետք է ունենա աշխարհի բոլոր մարդկանց համար: Համաշխարհային դասարանի ընթացքում դասախոսի և ուսանողների յուրաքանչյուր խումբ ներկայացրեց ՀՊԴ-ն իր տարածաշրջանում:

Չնայած ՀՊԴ-ի մեծ կարևորությանը՝ մարդու իրավունքներից խոսելիս հիմնականում քիչ են անդրադառնում ՀՊԴ-ին և քննարկում այն: Ինչ վերաբերում է Արևելյան գործընկերության անդամ երկրներին, ապա ՀՊԴ-ի և տարածաշրջանում նրա դերի ու ազդեցության վերաբերյալ մանրամասն ուսումնասիրությունը առաջին անգամ կատարվեց Համաշխարհային դասարանում: Վահան Բուռնազյանը հիմնականում խոսեց ՀՊԴ-ի մասին՝ որպես պետություններին համոզելու մեխանիզմ ԱլԳ երկրներում և ընդհանրապես: Նա նաև մշակել է հետազոտության մեթոդաբանություն ուսանողների համար, որպեսզի նրանք մանրամասն ուսումնասիրեն ՀՊԴ հանձնարարականները և դրանց իրագործումը տարածաշրջանում:

Ըստ հանձնարարականների թվի՝ ԱլԳ երկրներում հիմնական խնդիրներն են միջազգային մեխանիզմները, կանանց և երեխաների իրավունքները: Ուսանողները ներկայացրեցին համեմատական վերլուծություն ԶԼՄ-ների ազատության, կանանց և երեխաների իրավունքների վերաբերյալ ՀՊԴ հանձնարարականների և դրանց իրագործման մասին: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն խնդիրները, որոնք կարևորվում ու առաջ են մղվում նաև ԵՄ կողմից, ավելի մեծ հավանականություն ունեն ԱլԳ երկրներում իրագործվելու: Սա ընդգծում է տարածաշրջանային կազմակերպությունների կարևորությունը տարածաշրջանում մարդու իրավունքների աջակցման և առաջ քաշման հարցում:

ԱլԳ տարածաշրջանը եզակի է ՀՊԴ գործընթացում, քանի որ ԱլԳ 6 երկրներից 5-ը ներկայացրել են կատարողականի միջնաժամկետ հաշվետվություններ: Ավելին, Հայաստանը միակն է ԱլԳ երկրների շարքում, որտեղ կատարողականի միջնաժամկետ հաշվետվություն է ներկայացրել ոչ միայն պետությունը, այլև քաղաքացիական հասարակության կազմակերպությունները: ԱլԳ երկրներից միայն Ուկրաինան և Ադրբեջանն են անցել ՀՊԴ երկու շրջափուլով: Հայաստանի հաջորդ դիտարկումը լինելու է 2015 թվականի հունվարին:

Հուսով եմ՝ Համաշխարհային դասարանի բոլոր մասնակիցները, վերադառնալով իրենց երկրներ, կկիսվեն գիտելիքով ու փորձով և կնպաստեն ՀՊԴ-ի մասին իրազեկվածության բարձրացման գործունեությանն այնպես, որ հաջորդ դիտարկումները կլինեն ավելի շատ և ավելի լավ լուսաբանված լրատվամիջոցների կողմից և կընդգծեն մարդու իրավունքների կարևորագույն հարցերն իրենց երկրներում:

Լաուրա Սիմոնյան

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ պրակտիկանտ