“Երկար ժամանակ թուրք բարեկամի տանն ապրելը վտանգավոր էր”

 ”100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

Պատմում է Իզաբելլա Չփլախյանը

Նկարի փոքրիկ աղջիկը ես եմ՝ տատիկիս ու պապիկիս հետ: Պապիկիս մասին իմ հիշողությունները դեռ վառ են, լավ հիշում եմ նաև, որ նա երբեք չէր սիրում խոսել իր պատանեկությունից: Իր կյանքի այդ շրջանի մասին հիշողությունները պապիս համար ամենացավալին էին: Նրա հետ կատարվածի մասին մեզ պատմում էր տատիկս, ով ևս, ցավոք սրտի, ցեղասպանության ականատեսներից է եղել: Նա, ի տարբերություն պապիս, իր մեջ այդ մասին խոսելու ուժ գտնում էր:

Պապիկս ծնվել է 1900 թվականին Յոզղատ գավառում, ունեցել է վեց եղբայր և մեկ քույր: Ցեղասպանության ժամանակ նրա եղբայրներն ու ծնողները դաժանաբար սպանվել են: Պապիկիս փրկել է նրա հոր թուրք ընկերը և որոշ ժամանակ պահել է իր տանը:

Սակայն մշտապես նրանց տանը մնալ հնարավոր չէր, վտանգը մեծ էր նաև այդ ընտանիքի համար: Որոշ ժամանակ անց պապիկս փախել է Հայաստան՝ Արարատի շրջանի Երասխ գյուղ: Պապիկիս քույրը ևս փրկվել է ցեղասպանությունից, սակայն նրա պատմության մանրամասներն ինձ հայտնի չեն: Գիտեմ միայն, որ նրան հաջողվել է հեռանալ Բեյրութ: Այդ մասին մենք իմացանք տարիներ անց, երբ պապիկս և նրա քույրն արդեն բավական ծեր էին: Ցավոք նրանց այդպես էլ բախտ չվիճակվեց հանդիպել:

Մեր իսկական ազգանունը եղել է Բալջյան: Տեղափոխվելու ժամանակ պապիկիս հարցրել են իր ազգանունը, նա, նայելով իր կիսամերկ մարմնին, ասել է. “Չփլախ եմ, գրե՛ք Չփլախյան”: Հենց այդ ազգանունով էլ նա եկել է Հայաստան:

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: