Ֆուտբոլն ի զորու է միավորել մարդկանց և հաղթահարել խոչընդոտները

ՖԻՖԱ-ն կոչ է անում ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում աշխարհի բոլոր անկյուններում դադարեցնել ռազմական գործողությունները, հայտարարել է միության ղեկավար Յոզեֆ Բլատերը: “Բոլոր ֆուտբոլիստների և ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների անունից կոչ եմ անում դադարեցնել ռազմական գործողությունները ֆուտբոլային այս մեծ տոնի ընթացքում: Ֆուտբոլն ի զորու է միավորել մարդկանց և կոտրել խոչընդոտները: Հազարավոր մարդիկ ողջ աշխարհից կժամանեն Բրազիլիա, որպեսզի դառնան այդ իրադարձության մաս: Միլիարդավոր մարդիկ կհետևեն աշխարհի առաջնության իրադարձություններին”, – ընդգծել է Բլատերը, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Նրա խոսքերով, Բրազիլիան շատ է փոխվել 1950 թվականից հետո, երբ ընդունում էր ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: “Մենք բոլորս հույս ունենք, որ այս նոր Բրազիլիան կկարողանա անցկացնել հիասքանչ համաշխարհային առաջնությունը”, – հավելել է Բլատերը:

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը ևս հայտարարել է, որ երկիրը միանգամայն պատրաստ է 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու հունիսի 12-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Նա կոչ է արել բրազիլացիներին միավորվել առաջնության ընթացքում: “Վստահ եմ, որ Գավաթը տոն կդառնա: Եվ կարևոր է, որ Բրազիլիայի բնակչությունը ևս հաճույք ստանա այդ տոնից”, – Ռուսեֆի խոսքերը մեջբերում է “Независимая Газета”-ն:

Միևնույն ժամանակ, հայտնի է դարձել, որ ամերիկացի հայտնի փոփ-երգչուհի Ջենիֆեր Լոպեսն այնուամենայնիվ ելույթ կունենա ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը, որը տեղի է ունենալու Սան Պաուլուում հունիսի 12-ին: Լոպեսը ռեպեր Արմանդո Կրիստիան Պերեսի հետ, ով առավել հայտնի է Պիտբուլ անունով, և բրազիլացի երգչուհի Կլաուդիա Լեյտեի հետ մասնակցել է 2014 թվականի աշխարհի առաջնության We Are One պաշտոնական երգի ձայնագրմանը: Ավելի վաղ տեղեկացվում էր, որ կապված պրոդյուսերավորման խնդիրների հետ, ինքը չի կարողանա ժամանել բացման արարողությանը, հայտնում է РИА “Новости”-ն: Երգչուհու ներկայացուցիչների խոսքերով, Լոպեսը չի ցանկանում վշտացնել իր և ֆուտբոլի երկրպագուներին, այնպես որ, այնուամենայնիվ, կժամանի բացման արարողությանը:

Աշխարհի առաջնության խաղերին սպասում են և՛ միանգամայն նոր, և՛ լեգենդար մարզադաշտեր, ինչպիսին է, օրինակ, “Մարականան”: Արդեն պարզ է, որ մունդիալին չեն խանգարի ո՛չ եղանակը (Բրազիլիայում ձմեռ է սկսվել), ո՛չ տեղի բնակիչների ցույցերը : Ինչպես հայտնում է “Вести.Ру”-ն, “Մարականա” մարզադաշտի կենտրոնական մուտքի մոտ իսկական ինտերնացիոնալ է. խորվաթներ, արգենտինացիներ, կոլումբիացիներ, ամերիկացիներ անհամբերությամբ սպասում են առաջնության մեկնարկին՝ լուսնկարվելով Աշխարհի գավաթի մեծ կրկնօրինակի կողքին:

Արմինե Հարությունյան