Շոտլանդիա. անկախության կողմնակիցների թիվն ավելանում է

Նախքան Շոտլանդիայի անկախանալու մասին հանրաքվեն մնացել է 100 օրից քիչ ժամանակ, և բրիտանացի վերլուծաբանները ցավով խոստովանում են, որ այդ քվեարկության դեմ Մեծ Բրիտանիայում իրականացվող քարոզարշավն այնքան վատ է կազմակերպված, որ որևէ հաջողության հնարավորություն չունի: The Guardian ամսագիրը նշում է, որ Շոտլանդիայի անկախանալու դեմ հանդես եկող Better Together քարոզարշավի առաջնորդները պետք է հանգամանալից կերպով մշակեն իրենց գործելաոճը, քանի որ այժմ իրենք պարզապես զուրկ են դրանից:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կողմ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի միասնականությանը, հայտնում է Reuters-ը: Նա հույս է հայտնել, որ Շոտլանդիան դուրս չի գա Միացյալ Թագավորության կազմից:

Ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նրա խոսքերով, Միացյալ Նահանգները գերադասում են գործ ունենալ “միասնական” և կայուն Մեծ Բրիտանիայի հետ, սակայն շոտլանդացիներն իրենց ճակատագիրն ընտրելու իրավունք ունեն:

Համաձայն վերջին հարցումների արդյունքների, Շոտլանդիայի անկախացման կողմնակիցների թիվը գնալով ավելանում է, սակայն նրանք դեռևս զիջում են անկախությանը դեմ հանդես եկողներին, հայտնում է Lenta.ru-ն:

Ըստ փորաձեգտների, շոտլանդական քվերակությանն առանձնահատուկ ուշադրությամբ հետևելու են այն եվրոպացիները, որոնք նույնպես մտածում են անկախանալու մասին, օրինակ, կատալոնացիներն Իսպանիայում:

Շոտլանդիայում սեպտեմբերի 18-ին տեղի կունենա հանրաքվե, որի ժամանակ բնակիչները պետք է պատասխանեն հետևյալ հարցին. “Արդյո՞ք կարծում եք, որ Շոտլանդիան պետք է անկախ երկիր լինի”: Եթե բնակիչների մեծ մասը պատասխանեն “այո”, Շոտլանդիան 2016 թվականի մարտի 24-ին դուրս կգա Միացյալ Թագավորության կազմից: Այդ դեպքում Շոտլանդիան կդառնա միջազգային իրավունքի անկախ սուբյեկտ և ստիպված կլինի մտնել Եվրամիություն որպես ինքնուրույն պետություն:

Արմինե Հարությունյան