Մեծ հայրս բազմաթիվ թուրք ընկերներ է ունեցել, որոնցից մեկի շնորհիվ էլ կարողացել է խուսափել ջարդից”

“100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

 Պատմում է Ալիս Մանուկյան-Մինասյանը

Իմ մեծ հայրը՝ մայրիկիս հայրը, ում անունը Մարտիրոս Քաֆթարյան էր, Ակն քաղաքից է եղել: Այս քաղաքը շատ հետաքրքիր դիրքում է գտնվում: Այն շրջապատված է լեռներով: Ակնում մեծ թվով հայեր են ապրել: Իմ մեծ հայրը այնտեղ կոշիկի գործարան է ունեցել, որտեղ

բազմաթիվ թուրքեր են աշխատել: Իր աշխատակիցներից բացի էլ մեծ հայրիկիս ընտանիքը բազմաթիվ թուրք ընկերներ է ունեցել, որոնցից շատերը նրա գործընկերներն են եղել:

Ցեղասպանության տարիներին մեծ հայրս արդեն ամուսնացած է եղել: Ծնված էին նաև իմ մորեղբայրները: Հենց իր գործի շնորհիվ էր, որ նա շատ լավ ծանոթություններ ուներ, այդ թվում թուրքերի շրջանում: Մի օր նրա թուրք ընկերներից մեկը գալիս է ու ասում.

- Մարտիրո՛ս, դու լավ կանես, որ այստեղից գնաս: Ընտանիքդ վերցրո՛ւ և գնա՛ այստեղից:

Բարեբախտաբար, մեծ հայրս լսում է իր թուրք ընկերոջն ու Ակնից ընտանիքով հեռանում է: Նրանք մեկնում են Բուլղարիա: Որոշ ժամանակ անց, երբ մեծ հայրս իր ընտանիքի հետ հեռանում է Ակնից, լուրեր է ստանում, որ Ակնի բոլոր հայերին կոտորել են:

Այսպիսով` մեծ հորս ընտանիքին հաջողվում է խուսափել ջարդերից իրենց թուրք ընկերոջ շնորհիվ:

Մայրս ծնվում է արդեն Բուլղարիայում՝ Վառնա քաղաքում:

Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: