ԿԲ-Ն 0.5 ՄԼՆ ԵՎՐՈ Է ՆԵՐԴՐԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ EFSE-ՈՒՄ

ՀՀ Կենտրոնական բանկը 300 մլն դրամ (0.5 մլն եվրո) է ներդրել եվրոպական EFSE համակարգում՝ Հայաստանում ՓՄՁ-ների վարկավորման համար: Միջոցները տրամադրել է ԿԲ-ի դուստր կառույցը՝ «Փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման աջակցություն» ՓԲԸ-ն, որը ստեղծվել է 2011թ.դեկտեմբերին, հատուկ EFSE-ի հետ համագործակցության նպատակով: Այսպիսով, 201թ. երկրորդ եռամսյակում Հայաստանում EFSE-ի պորտֆելը հասել է 43.9 մլն եվրոյի, հայտնում է news.am-ը:

 300 մլն դրամի ֆինանսավորումը տրամադրվելու է տեղական արժույթով հայկական բիզնեսի վարկավորման համար:

 «Ի դեմս Հայաստանի Կենտրոնական բանկի՝ մենք պատասխանատու գործընկեր գտանք: Մեր հայ գործընկերները նպաստում են իրենց ՓՄՁ-ների ֆինանսավորմանը տեղական արժույթով՝ այդ կերպ նվազեցնելով արժութային ռիսկերը»,- համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է EFSE-ի խորհրդի նախագահ Մոնիկա Բեքը:

 Հարավ-արեւելյան Եվրոպայի համար Եվրոպական հիմնադրամը (EFSE) ստեղծվել է Գերմանական զարգացման բանկի (KfW) նախաձեռնությամբ եւ Գերմանիայի Տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության (BMZ) ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի մյուս ներդրողներն են Եվրահանձնաժողովը, Ավստրիական զարգացման բանկը, Զարգացման եւ համագործակցության շվեյցարական գործակալությունը, Միջազգային զարգացման դանիական գործակալությունը (Danida), Համաշխարհային ֆինանսական կորպորացիան (IFC), Deutsche Bank-ը եւ այլն:

 Ծրագրի նպատակն է վարկեր տրամադրել Հարավ-արեւելյան Եվրոպայի երկրներում միջին, փոքր եւ միկրոբիզնեսի զարգացման նպատակով:

19.06.2014