“Հիշողություններս քանդվում են թելի կծիկի պես…”

“100 տարի․․․ Իրական պատմություններ” խորագրի ներքո “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է “Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Թուրքը, որ փրկեց ինձ” ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։

Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։

 

Պատմում է արևելագետ, ԵՊՀ դասախոս Նաիրա Սարգսի Մկրտչյանը

Վերոնիկա Գասպարի Բերբերյան (1907-1999)

Կներկայացնեմ իմ հորական տատի՝ Վերոնիկա Գասպարի Բերբերյանի պատմությունը: Նրա ընտանիքը կարողացել է սկզբում փախչել Նախիջևան, իսկ այնուհետև՝ տեղափոխվել Երևան: Փոքրուց լսել եմ նրա պատմությունները: Նա ասում էր. “Երբ դուք ինձ հարցեր եք տալիս, հիշողություններս քանդվում-բացվում են թելի կծիկի նման”:

Վերոն տատս մանրամասն պատմում էր, թե ինչպես են նրանք ապրել ներկայիս Թուրքիայում, Բողազլյանում, ինչպիսին էր իրենց ընտանիքը: Վերոն տատս պատմում էր նաև, թե ինչպես են ջարդի ժամանակ հայերին կոտորել, թե ինչպես են իրենք շուրջ 40 մարդ իրենց տանը պահել, քանի որ գավառաքաղաքի հազարապետի հրամանով իրենց ընտանիքին ժանդարմներն իրավունք չունեին ձեռք տալ: Տատս իր և իր մյուս ազգականների, հարևանների պատմությունները բոլոր ցանկացողներին

պատմում էր: Նա պատմում էր շատ մանրակրկիտ` անուշ արևմտահայերենով: Պատմությունը սովորաբար սկսվում էր այսպես.

“Մեր ընտանիքն ապրել է Անատոլիայի Յոզղատ գավառի Բողազլյան քաղաքում: Մեր թաղը Քիլիսե մահալ կկոչվեր, այսինքն` եկեղեցու թաղ: Պապս` Հակոբ քահանան, Սբ Աստվածածին եկեղեցու ավագ քահանան էր: Ունեի երկու հորեղբայր՝ Հարությունը (1915թ.-ին 20 տարեկան էր) և Խաչերը (նա էլ 15 տարեկան էր):

Լավ էինք ապրում. հողագործությամբ էինք զբաղվում: Երբ հայրս թուրքական զինվոր էր, օր մը իրիցկին տատիկս երազ կտեսնե, թե իբր հայրս տունին լյուքլիքին (որմնախորշ, որտեղ անկողիններն էին դարսում) մեջը լիքը գանգեր, ոսկորներ բերեր, լցրեր է: Տատս կհարցնե` Գասպա՛ր, ինչու՞ հոս բերիր, լցրիր: Հայրս կպատասխանե` օրին մեկը թանգարան պիտի շինվի, աս ամբողջը մեջը պիտի դրվի, որ աշխարհը տեսնա:

Եվ այս երազից հետո սկսվեց… Տղամարդկանց հանդից, տնից, խանութից հավաքեցին՝ իբր, պատերազմ է, բոլորը պիտի գնան բանակ: Հետո եկան բոլորի տներեն ինչքան զենք, դանակ կար հավաքին-տարին …

Մեկ էլ դպրոցական հորեղբայրս շնչակտուր ներս ընկավ` գլուխը պատերին խփելով. “Քսան ղուրուշի փամփուշտը խնայեցին, կացինով էին կոտորում բոլորին”: Հորեղբորս թաքցրինք: 50 օր տղամարդ էին փնտրում, որ մորթեն: Ատկե վերջը մարագի մեջեն դեպի հայաթը փորելով տեղ բացինք, որ հորեղբայրս թաքնվում էր էնտեղ օրվա մեջ։ Գիշերը բացում էինք, որ օդ առնի։

Դրանից հետո՝ 1916 թ. մարտին ղայմաղամը հրամայեց. “Մեկ կիլոգրամ հայու միս ողջ չպիտի մնա, բոլոր հայերին պիտի կոտորեք”:

…Մեր տան պատից մի մեծ քար էին հանած, հորեղբայրս՝ Հարություն Բերբերյանը, սողում, մտնում էր մեջը ու թաքնվում էր։ Ով գալիս էր ժանդարմներեն՝ չէր գտնում։

Իմ իրիցկին տատս, որը պահած էր ադ Հարություն հորեղբորս, օր մը կերթա հազարապետ Սելամի բեկին քովը, որը ամուսնացած էր մեզի ծանոթ հայ աղջկա մը հետ, կըսե հազարապետին. “Սելամի՛ բեկ, Հարությունը տունն է, ի՞նչ պիտի ըլլա”։ Հազարապետ Սելամի բեկը կոճակը համազգեստին վրայեն կպոկե, կըսե. “Աս կոճակը ժանդարմին հետ որ ղրկեմ, Հարությունը թող ելլե ու գա”։ Առավոտուն ժանդարմ մը եկավ, թախ-թախ դուռը զարկավ, ըսավ. “Հարությունը թող գա ղայմաղամին քովը իր սափրիչի գործիքներով”։ Հարություն հորեղբայրս իր սափրիչի գործիքները հավաքեց, ժանդարմներուն հետ դուրս գնաց։ Ադ պահուն ալ թուրք սափրիչ մը ղայմաղամին կթրաշեր։ Ադ ալ առաջին անգամ ածելի կզարնե, ղայմաղամին երեսը կարյունե։ Սելամի բեկը ղայմաղամին կըսե. “Թող Հարությունը թրաշե”։ Հարություն հորեղբայրս կհանե իր գործիքները, առոք-փառոք ղայմաղամին կթրաշե, կվերջացնե։ Դուրս է գալիս, որ տուն գա, կտեսնա գերդաստաններով բոլորին կապկպած աքսոր են տանում։ Ղայմաղամը կհրամայե. “Ժանդարմ մը թող Հարությունին տուն տանի”։ Հարությունը եկավ տուն։ Ան քսան տարեկան էր, բայց արդեն ութսունի չափ էր երևում։ Հարություն հորեղբայրս տեսավ, որ ճար չկա. “Ալ թուրքին չպիտի հավատամ,- ըսավ, խաշխաշի յուղն ու կապույտ պղինձարջասպի քարը խառնեց իրար, ըսավ, – ես իմ կնոջս կխմցնեմ, վերջը ես ալ կխմեմ, դուք ինչ կուզեք՝ եղե՛ք”։ Հարություն հորեղբայրս թույնը կնոջը խմցուց։ Ճիշտ երեք րոպե վերջը ընտանիքին ներում եկավ։ Քսանհինգ հոգի հորեղբորս սայիյեն ազատվան։ Հորեղբայրս իսկույն տասնհինգ ձվի դեղնուցը իրար խառնեց, կնոջը խմցուց։ Կինը փսխեց, ազատվեցավ, ողջ մնաց։

Մեր գերդաստանը շատ մեծ էր։ Մեր գերդաստանեն շատերը թուրքական կառավարությանն էին ծառայում, պաշտոնյաներ էին։ Օրինակ՝ հայրս թարգմանիչ էր, Կարապետ աղային մեծ եղբայրը դատապաշտպան էր։

… 1918-ին արդեն ջարդը դադրած էր։ Զինադադար էր։ Թուրքեր էկած լցված էին հայերուն տները։ Օր մը թուրք կնիկներ մը եկան մեր դուռը զարկին, ջուր խնդրեցին։ Մամաս ըսավ ինձի. “Վերոնիկա՜, ջո՛ւր բեր”։ Ադ չադրայով թուրք կիներեն մեկը մոտեցավ մորս, գաղտնի ըսավ. “Մայրի՜կ, դուք հայ եք, ի սեր հայության, ինձի ասոնց ձեռքեն ազատեք։ Իմ անունը Աննիկ է։ Ինձի փախցուցած են”։ Մայրս ըսավ. “Այսօր դուն գնա, ես փեսայիս հետ խոսիմ, տեսնանք՝ ի՞նչ կրնանք ընել”։ Փեսան իրիկունը տուն եկավ։ Մամաս պատմեց։ Փեսան ըսավ. “Երեխա մը ղրկենք, Աննիկին թող բերե”։ Տասը տարեկան Հակոբիկին ղրկեցինք։ Ան գնաց Աննիկին բերավ։ Թուրքերը կտեսնան Աննիկը չկա։ Էկան լցվան մեր տունը, ըսին. “Տվե՛ք մեր աղջիկը”։ Իրիցկին տատիկս օգնություն պոռաց։ Ժանդարմ մը կանցներ դուրսեն, էկավ։ Տատիկս ըսավ. “Աս թուրքերը էկած են, աղջիկ կուզեն։ Մենք խաբար չենք”։ Ժանդարմն ադ թուրք կնիկներին դուրս հանեց մեր տունեն, Աննիկը մնաց մեր տունը։ Ազատվեցավ։ Վերջը մենք Աննիկին որբանոց դրինք։ Էնտեղեն Բեյրութ կտանին որբերին։ Մի խոսքով՝ Աննիկը հայ մնաց։

Կհիշեմ՝ ջարդին երրորդ օրն էր, թուրքի չադրայով մայրս չորս տարեկան քրոջս հետ գնում է իր մոր տունը։ Մայր ու աղջիկ խորհուրդ անելու ժամանակ սայլերը բերել են, դրսում՝ գոռում-գոչյուն։ Բոլորին աքսոր են տանում։ Մայրս կըսե. “Ես հոս չե՛մ ապրիր”։ Ժանդարմը կըսե. “Էդ շուկայի կողմից գնա ձեր տունը”։ Մայրիկս կշշկլվե, չորս տարեկան քրոջս կկորսցնե։ Մայրիկս մի կերպ եկավ տուն։ Մեկ էլ տեսանք՝ փոքր քույրիկս մինակը եկել, գտել էր մեր տունը։ Ուրախացանք, իրար գտանք։ Բայց մայրիկս պատմեց, որ տատիկին տարին սայլերով։ Ես վազեցի դուրս իյնալ-էլլալով գացի տատիս տունը հասա, տեսա՝ դռները բաց, մեջը դատարկ։ Մարիամ տատիկս աքսորին մեջ մեն մենակ կմնա։ Դու մի ըսեր՝ ժանդարմներ կուգան կմորթեն։ Մի Սարդալայի Աննա մը կար։ Ան մտել էր դիակներին տակը, շունչը բռնած մնացել էր։ Հետո, որ ժանդարմները գնում են, աս Աննան կամաց-կամաց փորսող կուգա, մեր գեղին կմոտենա, ամմա՝ ուռած փքված, տկլոր։ Մի հատ թաշկինակ անգամ չէին թողած, որ ամոթը ծածկեր։ Թաղին թուրք լակոտները կտեսնան ասոր, կըսեն. “Ամա՜ն, դև է գալիս”, – վախից փախչում են։ Աննան կուգա իր տունը։ Կտեսնա՝ դուռը բաց։ Իր տասնչորս տարեկան մի հատիկ տղան տված կըլլա դրացի թուրքին։ Կերթա ադ թուրքին։ Թուրքը տունը մի ոչխար կմորթե, մաշկը կհանե, Աննային մեջը կփաթթե, Աննային վերքերը կբուժե։

 … 1924-ին զինադադարեն ետքը, երբ Քեմալ Աթաթուրքը եկավ կառավարության գլուխը, հայերը բողոքեցին, ըսին. “Թուրքերը մեզի շատ վնասներ տվին, մեր հարազատներուն մորթեցին”, հետո դատավարություն եղավ — շատ թուրք մեծավորներ պատժվեցան։ Մի հայ աղջիկ պահված էր թուրքի տանը։ Ադ թուրք մարդ ու կինը էդ հայ աղջկան պահում էին իրենց տղի հետ ամուսնացնելու համար, բայց հայ աղջիկը սիրահարված էր Խաչեր հորեղբորս վրա։ Օրին մեկը ան լուր ղրկեց, որ ես ուզում եմ Խաչերի հետ ամուսնանալ։ Հայերը հեռագիր քաշեցին, իբր թե էդ աղջկա հորեղբայրը հեռու երկիրեն կանչում է իրեն։ Էդ աղջիկը կփախի թուրքի տունեն, եկավ մեր տունը։ Թուրքը, որ իր տղայի համար պահած էր էդ աղջիկը, կըսե. “Ես սրա քիթն էի մաքրում, ո՞նց դավաճանեց մեզի”: Դրանց տղան սպայական դպրոցն ավարտեց, եկավ մեր տունը։ Խնդրեց, աղաչեց։ Հորեղբայրս մտածեց, որ մի փորձանք կելլա, նորեն կփախցնեն աղջիկին, Եփրեմ կառապանին ըսավ. “Գիշերը ձիերդ լավ կկերակրես, մեր հարսին կտանիս Կեսարիա”։ Մենք անոր գլխուն չադրա գցեցինք, ղրկեցինք Կեսարիա։ Բայց էդ սպա թուրքը կառավարությանը լուր կուտա, կըսե՝ գտեք իմ հայ հարսնացուին։ Բայց մի թուրք հարյուրապետի կին կար, որը հայ էր, գնում է, խնդրում է, որ էդ հայ աղջիկը արդեն հայ մարդու է առած, հիմա ալ հղի է՝ պիտի ազատվի։ Էսպես էդ թուրքերը թշնամացան մեզի հետ։ Էդ թուրքը էկավ ըսավ. “Երկու ժամ ձեզի ժամանակ, դուրս պիտի գաք ձեր տնից”: Մենք ստիպված դուրս եկանք մեր տնից։ Գնացինք մի թուրքի տուն, որը մեզի հետ լավ էր։ Էդ թուրքը մեզի իր տունը առավ, հաց տվեց։ 1924-ին մենք փոխադրվանք Պոլիս։ Մեկ տարի մնացինք Պոլիսի գաղթակայանը։ Ռուսաստանեն նավ եկավ, մեզի յոթ հոգիով Բաթումի բերավ։ Մեզի հետ ոչ մի տղամարդ չկար։ Բաթում եկանք, աղքատություն էր տիրում։ Հորեղբայրս եկել էր մեզ դիմավորելու։ Գնացինք նստանք, մազութով էր գնացքը աշխատում։ Մեզ իջեցրին Դավալլու կայարանը, վրանների տակ, հաց-մաց բաժանեցին։ Հորեղբայրս մեզ տարավ Նախիջևան՝ հայրիկիս մոտ։ Հազիվ մեկուկես տարի միասին ապրեցանք, հայրիկս մահացավ։ Հետո եկանք Երևան”։

 Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը: