“Միասին 2″. “Մշտական թշնամիներ չեն լինում”

“Միասին 2″ խաղաղաշինական ծրագիրը մոտեցավ իր ավարտին: Ծրագիրը երկխոսության հնարավորություն ընձեռեց Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանամերձ շրջանների երիտասարդներին: “Միասին 2″ ծրագրի շրջանակներում 2013 թվականի սեպտեմբերից իրականցվել են ղարաբաղյան կոնֆլիկտի տարածաշրջանի երիտասարդների մասնակցությամբ Skype կոնֆերանսներ, որոնք վիրտուալ կապի և շփման հնարավորություններ են ընձեռել սահմանի տարբեր կողմերում բնակվող երիտասարդներին:

Ինչպես արդեն տեղյակ եք, ծրագրի շրջանակներում հայտարարվել էր “Խաղաղություն” թեմայով լուսանկարների, ինչպես նաև ծրագրի առաջին փուլում համատեղ ստեղծագործական խմբի ջանքերով ստեղծված “Միասին” երգի անգլերեն տարբերակի խոսքերի հավաքագրում: Ներկայացված աշխատանքները՝ և լուսանկարները, և երգի անգլերեն տարբերակի խոսքերը ծրագրի որոշակի փուլում դրվել են քվեարկության ծրագրի ֆեյսբուքյան էջում, որի արդյուքներով էլ որոշվել են “Խաղաղություն” թեմայով լավագույն աշխատանքները: Ի դեպ, ֆեյսբուքյան քվեարկությամբ Միասին երգի անգլերեն տարբերակի համար ներկայացված խոսքերից ամենաշատ “Like”-եր ստացածի հիման վրա պատրաստվել է երգի անգլերեն տարբերակը, որը կարելի է լսել հետևյալ հղմամբ՝ Song Together:

Ծրագրի կազմակերպիչների կողմից նախատեսվել են նաև խրախուսական մրցանակներ վերոնշյալ քվեարկության արդյունքներով հաղթող ճանաչված աշխատանքների հեղինակների համար: Նշված խրախուսական մրցանակների հանձնման ժամանակ մրցույթի հաղթողներից մեկի` Ալվարդ Սարգսյանի խոսքերով “խաղաղաշինական ծրագրերը միանգամից ոչինչ չեն փոխում, սակայն դրանք մարդկանց մոտ հանդուրժողականություն են ձևավորում, իսկ դա չափազանց կարևոր է, քանի որ մշտական թշնամիներ չեն լինում, Ադրբեջանը մեր հարևան երկիրն է և վաղ թե ուշ պետք է երկխոսություն սկսել”: Նա նաև նշեց, որ “Միասին 2″ ծրագիրն օգնեց շատերին այլ աչքերով նայել “թշնամուն”: Խոսելով ծրագրի առանձնահատկությունների մասին, մասնակիցը կարևորեց դրա եռակողմ լինելը, քանի որ այդ դեպքում Արցախի ներկայացուցիչներն իրենց զգում են ոչ թե որպես հակամարտության մասնիկ, այլ լիարժեք կողմ, իսկ դա մեծացնում է ներգրավվածության արդյունավետությունը:

Հիշեցնենք, որ “Միասին 2″ խաղաղաշինական ծրագիրն իրականացվել է “Եվրոպական ինտեգրացիա” (ք.Երևան), “Հումանիտար հետազոտությունների հանրություն” (ք. Բաքու) և “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” (ք. Ստեփանակերտ) հասարակական կազմակերպությունների կողմից ԱՄՆ կառավարության աջակցությամբ:

Աղբյուրը՝ armedia.am